Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ֆիոլետովոյի դպրոցի շենքային պայմանները բարելավվել են
02.09.2021
Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանն այցելեց մոլոկաններով բնակեցված Ֆիոլետովո համայնքի միջնակարգ դպրոց, ուր սովորում է 144 աշակերտ: Տոնական միջոցառման հյուրերի թվում էին նաև ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը, Երկաթուղայինների միջազգային արհեստակցական կոնֆեդերացիայի ներկայացուցիչներ, պաշտոնական հյուրեր: Նրանք շնորհավորեցին դպրոցականներին, հատուկ ողջույններ հղեցին առաջին դասարանցի 17 փոքրիկներին՝ մաղթելով խաղաղ, հաճելի և նոր գիտելիքներով հարուստ ուսումնական տարի:
- Մարզպետ Արամ Խաչատրյանի և անձամբ իմ անունից ողջունում և շնորհավորում եմ բոլորիս: Այս օրը խորհրդանշում է լույս ու բարիք: Ուզում եմ Ֆիոլետովոյի միջնակարգ դպրոցի և մեր մարզի բոլոր աշակերտներին մաղթել բարի ուսումնառություն. լա՛վ սովորեք, սիրելի՛ աշակերտներ, և ձեր գիտելիքները ծառայեցրեք սիրելի համայնքի զարգացմանը, ծառայեցրեք ի բարին,- իր խոսքում նշեց Գ. Ասրյանը:
Օգտվելով առիթից՝ փոխմարզպետը երախտագիտության խոսք հղեց նաև Ռուսասատանի Դաշնության կառավարությանը, ՌԴ դեսպանատանը, Ֆիոլետովոյի դպրոցը և առահասարակ համայնքը մշտական հոգածության տակ պահելու, բացի այդ, մարզի տարբեր համայնքներում համատեղ իրականացված և շարունակվող մի շարք կարևոր ծրագրերի համար՝ հատկապես, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում: Նա վստահեցրեց նաև, որ ՀՀ կառավարությունը և մարզային իշխանությունները մշտապես ուշադրության կենտրոնում են պահում համայնքին առնչվող ցանկացած խնդիր:
Փոքրիկ դպրոցականները ևս ողջունեցին հյուրերին իրենց կատարումներով, ապա հնչեց առաջին զանգը:
Ողջույնի և շնորհավորանքի խոսքեր հնչեցրեցին նաև Ռուսլան Կանդաուրովը, Ալեքսեյ Սունդուկովը, Ալեքսեյ Մելնիկովը՝ աշակերտներին մաղթելով բարի ուսումնառություն:
Հարկ է նշել, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն երկար տարիներ աջակցում է դպրոցին: Այս տարի ընկերության միջոցներով վերանորոգվել է դպրոցի թվով 4 դասասենյակ, ուսուցչանոցը, միջանցքը, խոհանոցը, գրադարանը համալրվել է դասագրքերով, քարտեզներով, ուսումնական այլ գույքով:
Միջոցառման հյուրերը նվերներ հանձնեցին ոչ միայն դպրոցի առաջին դասարանցիներին, այլև գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտներին, շրջեցին դպրոցում, գնահատեցին կատարված աշխատանքների որակը: