Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վանաձորի թիվ 2, 9, 28 հիմնական դպրոցներում և «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում» վերանորոգման աշխատանքները կմեկնարկեն շուտով
30.08.2021
ՀՀ կառավարության որոշմամբ Լոռու մարզպետարանին հատկացված 140 մլն դրամից 40 մլն-ը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի որոշմամբ ուղղվելու է Ամրակիցի, Լեջանի, Արջուտի, Վարդաբլուրի, Վահագնիի միջնակարգ դպրոցներում, Վանաձորի թիվ 28, թիվ 2, թիվ 9, Մղարթի հիմնական դպրոցներում և «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում» մի շարք նորոգման աշխատանքներ իրականացնելու համար:
Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարզպետարանի պատասխանատու պաշտոնայների ուղեկցությամբ այցելեց Վանաձորի թիվ 2, 9, 28 հիմնական դպրոցներ և թանգարան՝ ծանոթանալու այստեղ նախատեսվող շինաշխատանքներին: Մարզի ղեկավարը տնօրենների հետ շրջեց հաստատություններում, ծանոթացավ կրթօջախների շենքային պայմաններին, առկա խնդիրներին, ինչպես նաև իրականացված և նախատեսվող ծրագրերին:
Ինչպես ներկայացվեց մարզի ղեկավարին, հատկացված միջոցներով թիվ 2 դպրոցում կնորոգվի տանիքը, թիվ 9-ում՝ կփոխվեն լուսամուտները, իսկ թիվ 28-ում կնորոգվեն սանհանգույցները: Թանգարանում էլ նախատեսվում է նորոգել 2 սենյակ:
Դպրոցի կոլեկտիվներն իրենց երախտագիտությունը հայտնեցին ՀՀ կառավարությանը և մարզային իշխանություններին կրթօջախները մշտապես ուշադության կենտրոնում պահելու համար:
-Մեր դպրոցի փոքրիկ բյուջեով երբեք չէինք կարողանա իրականացնել նման աշխատանքներ,-մասնավորապես նշեցին Վանաձորի թիվ 2 դպրոցի տնօրեն Հակոբ Մամուլյանը և թիվ 9 դպրոցի տնօրեն Անահիտ Վարդանյանը:
Դպրոցներում մարզի ղեկավարը հանդիպեց նաև ուսուցիչների հետ, քննարկվեցին նրանց մտահոգող մի շարք հարցեր ևս: Որոշ խնդիրների կարգավորման նպատակով մարզպետը տվեց համապատասխան հանձնարարականներ:
-Դպրոցները պետք է առաջնորդվեն կրթության պայմանների բարելավման գաղափարախոսությամբ՝ ստեղծելով բոլոր հնարավորությունները երեխաների որակյալ կրթության համար: Պետք է վեր հանենք բոլոր խնդիրները և համատեղ քննարկման արդյունքում գտնենք դրանց լուծման հնարավոր միջոցները: ՀՀ կառավարությունը և Լոռու մարզպետարանը պատրաստ են անելու ամեն հնարավորինը այդ կարևորագույն նպատակի իրականացման համար,- ասաց նա: