Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի դիմորդներից բուհ են ընդունվել են

27.08.2021

 Օգոստոսի 26-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում անցկացվեց հանրակրթական ուսումնական հաստատությունների օգոստոսյան խորհրդակցությունը, որի նպատակն է նոր ուսումնական տարվան ընդառաջ տեղերում քննարկել ոլորտի խնդիրները:
Խորհրդակցությունը վարում էր Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը: Մասնակցում էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Կրթության զարգացման նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունների տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, Լոռու մարզպետարանի պաշտոնյաներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ, մանկավարժաներ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Գոռ Ասրյանը:Նա մարզի ղեկավարի և իր անունից շնորհավորեց կրթության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր ուսումնական տարի և մեծ ձեռքբերումներ կրթության ոլորտում: Նա իր խոսքում անդրադարձավ նաև համավարակով պայմանավորված՝ սահմանված կանոնների, կանխարգելիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտությանը և պատվաստումների խիստ կարևորությանը:
Իր օրհնությունը ներկաներին, կրթության նվիրյալներին ուղղեց Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:
Ողջույնի խոսքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն հայտնեց դպրոցների տնօրեններին՝ նախորդ տարվա ընթացքում նախ՝ համավարակով, ապա՝ պատերազմով պայմանավորված ճգնաժամային պայմաններում կրթության անընդհատությունն ապահովելու համար:
-Այս տարին ևս մեզ համար բարդ է լինելու, կրկին մեր աշխատանքները կազակերպելու ենք համավարակի պայմաններում: Այնպես որ մեզնից՝ բոլորիցս, մեծ ջանքեր է պահանջվելու դասապրոցեսի անընդհատությունը ապահովելու համար,-ասաց Ժ. Անդրեասյանը:
Փոխնախարարը խոսեց բուհերի ընդունելության քննությունների մարզային արդյունքների մասին: Նա ուրախությամբ հայտնեց, որ մարզի 1047 դիմորդներից բուհ են ընդունվել են 790-ը (75.5 տոկոս), ընդ որում ընդունվածների 17.8 տոկոսն ընդունվել է առաջին անվճար հայտով, ինչը բավականին բարձր ցուցանիշ է.
-Սա նաև ձեր աշխատանքի արդյունքն է, ինչի առիթով շնորհավորում եմ բոլորիդ,-ասաց փոխնախարարը:
Նա նշեց, որ մարզի դիմորդների համար առաջատար բուհը ԵՊՀ-ն է, ապա ՎՊՀ-ն և ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը:
Ըստ նախարարության ուսումնասիրությունների, մարզի դիմորդների շրջանում ամենապահանջված ուղղություններն են` անգլերեն լեզու և գրականություն, բժշկական գործ, հոգեբանություն, ծրագրավորում, կառավարում, իրավագիտություն, սոցիալական մանկավարժություն մասնագիտությունները:
Նա որոշ առարկաների քննությունների արդյունքները մտահոգիչ համարեց. գնահատականները ցածր են եղել հատկապես մաթեմատիկա, ֆիզիկա և բնագիտական առարկաներից՝ ավելացնելով, որ քննական արդյունքները պետք է պահել ուշադրության կենտրոնում, քանի որ դրանք հստակ մատնացույց են անում հանրակրթության բովանդակային բացերը:
Անդրադառնալով ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին` փոխնախարարը նշեց, որ այդ ուղղությամբ նախապատրաստական բոլոր աշխատանքներն ընթացքի մեջ են: Ինչ վերաբերում է պարտադիր ատեստավորմանը, ապա մինչև նոյեմբերի վերջ կավարտվեն վերապատրաստումները, որոնց կհաջորդի ատեստավորումը:
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նոր ուսումնական տարին սկսվելու է առկա ձևաչափով՝ հակահամաճարակային կանոնների խիստ պահպանմամբ: Առաջին դասարանցիների համար ուստարին կմեկնարկի օգոստոսի 31-ին՝ մարդկային կուտակումները նվազեցնելու նպատակով: Փոփոխություններ կլինեն ճաշարանների մասով. տարրական դասարաններում, առանց սահմանափակումների, կապահովվի սննդի ծրագիրը:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությամբ, նախատեսվում է դպրոցներին տրամադրել անհրաժեշտ բոլոր նյութերն ու պարագաները կանոնների պահպանումն առավել դյուրին դարձնելու և ուսումնական հաստատությունների միջոցները խնայողաբար օգտագործելու համար:
ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանն իր խոսքում պարզաբանեց ուսումնական պլանների մշակման հետ կապված մի շարք հարցեր:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ներառական կրթության արդյունավետությանն առնչվող հարցեր։
Քննարկումների օրակարգում ընդգրկված էին նաև հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխությունները և 2021-2022 ուսումնական տարվա ընթացիկ գործողությունները, Հանրակրթության պետական չափորոշչին վերաբերող հարցեր, տեսչական ստուգումների ընթացքում ի հայտ եկող արդյունքները և այլն:
Խորհրդակցությանը ներկա Լոռու մարզի դպրոցների տնօրենները, կրթական ոլորտի ներկայացուցիչները նախարարի տեղակալին և մյուս ներկաներին ուղղեցին տարաբնույթ հարցեր դրույքաչափերի, նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ տարիֆիկացիոն մատյանների կազմման, ֆինանսավորման չափաքանակների, կամավոր ատեստավորման, կրթության կազմակերպման վերաբերյալ և այլն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 11:42:47