Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պետական աջակցությամբ մարզում շարունակում են կառուցվել «խելացի» անասնաշենքեր

24.08.2021

Այսօր Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Արտյոմ Շահվերդյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով եղավ Գուգարք և Վանաձոր համայնքներում, որտեղ պետական աջակցության ծրագրերի շրջանակներում կառուցվում են «խելացի» անասնաշենքեր:
Առաջին կանգառը Գուգարք համայնքում էր: Այստեղ համայնքի բնակիչ Կարեն Քարհանյանը, օգտվելով «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրից, կառուցում է 50 գլուխ խոշոր եղջերավոր կենդանու համար նախատեսված անասնաշենք՝ 35 մլն դրամ ընդհանուր արժողությամբ. գումարի 70 տոկոսը փոխհատուցվելու է պետության միջոցներից:
Առաջին փուլով աշխատանքներն ավարտված են, շուտով ավարտին կմոտենան նաև երկրորդ փուլով նախատեսված աշխատանքները, իսկ հաջորդ տարի նախատեսում է արտերկրից ներկրել տոհմային, բարձր մթերատվությամբ կենդանիներ: Ֆերմերը նաև զբաղվում է թռչնաբուծությամբ, շինշիլաբուծությամբ և ճագարաբուծությամբ:
Հաջորդ կանգառը Վանաձոր համայնքն էր: Այստեղ ևս «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրով համայնքի բնակիչ Վարդան Շաքարյանը վերակառուցում է «խելացի» անասնաշենք՝ 35 գլուխ խոշոր եղջերավոր կենդանու համար՝ 23 մլն դրամ ընդհանուր արժողությամբ. գումարի 50 տոկոսը դարձյալ փոխհատուցվելու է պետության միջոցներից: Այս փուլում ֆերմայում իրականացվում են շինարարական աշխատանքներ, իսկ արդեն տարեվերջին, ըստ շահառուի, նախատեսում է ձեռք բերել տոհմային բարձր մթերատվությամբ կենդանիներ:
Գոռ Ասրյանը, ողջունելով ֆերմերների նախաձեռնողականությունը, հույս հայտնեց, որ նրանց օրինակը վարակիչ կլինի նաև մյուս գյուղատնտեսների համար:
-Գյուղատնտեսությունը հանդիսանում է մեր երկրի, մարզի զարգացման ռազմավարական ուղղություններից մեկը, և մեր պետությունը ստեղծում է բոլոր հնարավոր պայմանները այն զարգացնելու համար,-նշեց մարզպետի տեղակալը՝ նաև մարզի ղեկավարի և իր անունից պատրաստակամություն հայտնելով օգտակար լինելու բոլոր ողջունելի և մարզի զարգացմանը նպաստող նախաձեռնություններին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 11:42:47