Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հարգանքի տուրք մատուցվեց Իոսիվ Մոնտրեզորի և ռուս-պարսկական պատերազմում զոհված զինվորների հուշարձանի մոտ

23.08.2021

Վանաձոր-Սպիտակ ավտոմայրուղու միջնամասից հարավ ընկած տարածքում է գտնվում ռուսական բանակի հրամանատար Իոսիվ Մոնտրեզորի և նրա հետ ռուս-պարսկական պատերազմում զոհված զինվորների հուշարձանը, որը խորհրդանշում է հայ-ռուսական դարավոր բարեկամությունը:
Ռուս-պարսկական առաջին պատերազմի տարիներին՝ 1804 թվականին, այս տարածքում 114 ռուս զինվորներից և 60 հայ կամավորներից կազմված ջոկատը հերոսաբար զոհվել է 30 անգամ գերազանցող պարսից ուժերի հետ անհավասար պայքարում:
Յուրաքանչյուր տարի այս օրը համատեղ այց է իրականացվում հուշարձանին՝ ի նշան երկու ժողովուրդների միասնականության և բարեկամության:
Օրվա առթիվ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը, Լոռու մարզպետարանի և հյուպատոսարանի պաշտոնյաները, Լոռու մարզում ռուսական համայնքի ներկայացուցիչներն այցելեցին հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով հերոսաբար նահատակված զինվորների հիշատակին:
Հանդիսավորությամբ հնչեցին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստան Դաշնության պաշտոնական օրհներգերը, ապա ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հերոսների հիշատակը, կատարվեց հոգեհանգստի կարգ:
Ելույթներով հանդես եկան և ներկաներին ողջունեցին Արամ Խաչատրյանը, Ռուսլան Կանդաուրովը՝ իրենց խոսքում ևս մեկ անգամ կարևորելով հայ-ռուսական բարեկամությունը:
- Ուզում եմ բարեմաղթել, որ մեր երկրում և ամբողջ աշխարհում այսուհետ միայն ու միայն խաղաղություն լինի և մեր բարեկամությունն ու համագործակցությունը ծավալվի լոկ տնտեսության, առողջապահության, կրթության, մշակույթի և մյուս այլ ոլորտներում՝ ի նպաստ մեր երկրների զարգացման,-ասաց մարզի ղեկավարը:
Գլխավոր հյուպատոսն իր խոսքում առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց մարզային իշխանություններին հուշարձանի նկատմամբ ցուցաբերած հոգածության ու խնամքի և ամեն անգամ այս հիշատակի օրը համատեղ այցով հարգելու համար:
Ներկաները ծաղկեպսակներ տեղադրեցին և ծաղիկներ խոնարհեցին հուշակոթողին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 11:42:47