Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ սեղանի թենիսի հուշամրցաշարը

23.08.2021

Օգոստոսի 21-22-ը Վանաձորի «Կենտրոն» համալիր մարզադպրոցում անցկացվեց սեղանի թենիսի պատանեկան հուշամրցաշար՝ նվիրված ՀԽՍՀ և ՀՀ վաստակավոր մարզիչ Ռոբերտ Գևորգյանին:
Մրցաշարին մասնակցում էին մինչև 17 տարեկան շուրջ 50 պատանի մարզիկներ (17 աղջիկ և 32 տղա)՝ Երևանից, Արցախից, Լոռու, Շիրակի մարզերից և հանրապետության տարբեր մարզադպրոցներից:
Եզրափակիչ մրցաշարի ընթացքում պատանի թենիսիստներին ողջունելու և ոգևորելու էր եկել Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը:
Հուշամրցաշարը կազմակերպել էր Լոռու մարզպետի օգնական, Լոռու մարզի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Էրիկ Կոստանյանը:
Հուշամրցաշարին ներկա էր անվանի մարզչի` Ռոբերտ Գևորգյանի սան, Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ, միջազգային կարգի սպորտի վարպետ Ֆելիքս Սարգսյանը, Եվրոպայի և ԽՍՀՄ առաջնությունների մրցանակակիր Գոհար Խանզրատյանը, ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, միջազգային կարգի մրցավար Վանդոս Ղարագյոզյանը, սպորտաձևի երկրպագուներ:
-Շնորհավորում եմ հաղթողներին, իսկ պարտվողները ժամանակ ունեն ինքնակազմակերպվելու, ավելի շատ նվիրվելու սպորտին և աշխատելու իրենց վրա, որպեսզի հաջորդ անգամ էլ իրենք հաղթանակ տոնեն: Թե՛ մեր մարզում, թե՛ հանրապետությունում սպորտը մեծ զարգացում է ապրում, մեր հնարավորությունները պետք է եռապատկենք այս ոլորտում, որ նաև Հայաստանից դուրս հաջողություններ ու ձեռքբերումներ ունենանք,- ասաց Լոռու մարզպետը:
Երկու օր տևած պայքարի արդյունքում աղջիկների և տղաների լավագույն եռյակը կազմեցին աղջիկներից համապատասխանաբար՝ Ասյա Պողոսյանը (Երևան), Մանե Մարալովյանը (Երևան), Հասմիկ Ղազարյանը (Գյումրի), տղաներից՝ Ավետ Վասիլյանը (Վանաձոր), Հովհաննես Ջուլհակյանը (Վանաձոր) և Նարեկ Ստեփանյանը (Երևան):
Բոլոր հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով, մեդալներով, գավաթներով, հուշանվերներով և դրամական պարգևներով:
Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի կողմից՝ որպես Լոռու մարզում սպորտաձևի զարգացման աջակիցներ, ֆեդերացիայի ոսկե մեդալով պարգևատրվեցին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Լոռու մարզի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Էրիկ Կոստանյանը և Վանաձորի «Կենտրոն» համալիր մարզադպրոցի տնօրեն Արարատ Սարգսյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 11:42:47