Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ախթալայում անցկացվեց խորովածի համահայկական 12-րդ փառատոնը

23.08.2021

Օգոստոսի 22-ին Ախթալայում արդեն 12-րդ անգամ անցկացվեց Խորովածի ամենամյա ավանդական փառատոնը: Վերջինս կազմակերպվել էր «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հկ-ի նախաձեռնությամբ ու ջանքերով, Լոռու մարզպետարանի և Ախթալայի համայնքապետարանի աջակցությամբ: Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, մարզպետ տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ, բազմաթիվ հյուրեր:
Փառատոնը մեկնարկեց թատերականացված տեսարանով: Ալավերդու քաղաքային թատրոնի բեմադրությամբ ներկայացվեց Գուրգեն Առաջին Բագրատունու՝ որսից վերադարձի տեսարանը: Ներկայացման վերջում ընթերցվեց արքայի հրովարտակը և հայտարարվեց փառատոնի մեկնարկի մասին։ Այն ուղեկցվեց Ալավերդու պարի թատրոնի, Վանաձորի դհոլահարների խմբի և «Ադանա» փրոջեքթի կատարումներով:
Շեշտելով միջոցառման դերն ու նշանակությունը հատկապես զբոսաշրջության զարգացման առումով՝ փառատոնի կազմակերպիչներին և հյուրերին իր ողջույնի խոսքը հղեց մարզի ղեկավարը:
- Այս փառատոնն աշխարհին է ներկայացնում մեր երկրի խոհարարական հմտությունները, նիստ ու կացը, մեր հյուրասիրությունը: Այն նպաստում է միջմշակութային երկխոսությանը, տարածքային և տնտեսական զարգացմանը: Այնպես որ՝ միջոցառումը գեղեցիկ ավանդույթ լինելուց բացի՝ նաև կարևորագույն գործառույթ է կատարում,- նշեց նա:
Մարզային իշխանության ներկայացուցիչները շրջեցին տաղավարներով, ծանոթացան խորովածի տեսականուն, խոհարարների հմտություններին:
Իր ողջույնի խոսքում «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հկ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը կարևորեց միջոցառման դերը, աջակիցների կատարած աշխատանքը՝ բարձր գնահատելով ներկաների ոգևորությունը:
-Մեզ համար հատկանշական է, որ տեղական իշխանությունները մշտապես պատրաստակամ են աջակցելու փառատոնի կայացմանը:
Այսպիսով՝ մենք հնարավորություն ենք տալիս մասնակիցներին ոչ միայն ուտեստ պատրաստելու, այլև իրենց զգալու խոհարար-վարպետներ,-ասաց նա:
Փառատոնին մասնակցում էին շուրջ 30 խմբեր և անհատներ՝ Հայաստանի տարբեր բնակավայրերից ու Ռուսաստանի Դաշնությունից: Մասնակիցների թվում էին ինչպես մասնագետ խոհարարներ, այնպես էլ՝ սիրողական խոհարարությամբ զբաղվող անձինք:
Մարզպետարանի կրթության վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը ողջունեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հկ-ի հետ սերտ համագործակցությունը և ջանքերն՝ ուղղված հայկական ավանդույթների պահպանմանը:
- Նման փառատոները մեծ նշանակություն ունեն մեզ համար՝ հատկապես նախորդ տարվա իրողություններից հետո: Սրանով մենք աջակցում ենք ոչ միայն տարածաշրջանի տնտեսությանը, այլև ոգեշնչում ենք խոհարարներին՝ ավելի հմտանալու իրենց գործում,-ասաց նա:
Փառատոնի մասնակիցների համար նախատեսվել էին մրցանակային 3 անվանակարգեր՝ «Լավագույն համ», «Լավագույն տեսք», «Լավագույն մտահղացում» և մեկ «Գլխավոր» մրցանակ: Որպես նորույթ՝ կազմակերպիչները ներառել էին «Լավագույն տաղավար» անվանակարգը՝ ներկաների հավանությանն արժանացած խմբի համար:
Հաղթողներին հանձնվեց 10 գավաթ և 9 մեդալ: «Լավագույն մտահղացում» անվանակարգում 1-ին տեղը զբաղեցրեց և ոսկե մեդալով պարգևատրվեց ՌԴ-ից ժամանած «Պարադիս Խիմկի» ռեստորանի թիմը, «Լավագույն տեսք» անվանակարգում՝ Արագածոտնի մարզից «Արսենի խոհանոցը», «Լավագույն համ» անվանակարգում՝ Լոռու մարզի «Անգար» ռեստորանի թիմը, «Լավագույն տաղավար» անվանակարգում՝ Թուֆենկյան հյուրանոցների ցանցի թիմը: Գլխավոր մրցանակին արժանացավ Ծաղկաձորի «Էլեգանտ» հյուրանոցի թիմը:
Խորովածի եզակի տեսականին ու հյուրերի բարձր գնահատականները ոգևորիչ էին նաև կազմակերպիչների համար: Փառատոնից ուրախ տրամադությամբ հեռացան բոլորը՝ խոստանալով հաջորդ տարի ավելի մեծ եռանդով վերադառնալ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 11:42:47