Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու համայնքները էկոլոգիական միջանցքի մաս կդառնան

17.08.2021

 Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագիրը՝ նպատակն ունենալով բարելավել հեռավոր շրջաններում ֆերմերների և գյուղական բիզնեսների եկամուտները՝ տեղական բնական ռեսուրսները տնտեսապես ավելի արդյունավետ և ավելի կայուն օգտագործելու միջոցով:
Այսօր Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ կազմակերպված աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին համայնքներում այս ծրագրի իրականացման հնարավորությունները և հեռանկարները:
Աշխատաժողովը վարում էր Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, ներկա էին մարզպետարանի պաշտոնյաներ, «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի, «Ռազմավարական զարգացման գործակալության» ներկայացուցիչները, «Բնության համաշխարհային հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղի մասնագետները, Գուգարքի, Ստեփանավանի և Թումանյանի տարածաշրջանների համայնքների ղեկավարները:
Մարզի ղեկավարի և իր անունից ողջունելով ներկաներին ու շնորհակալություն հայտնելով նման ծրագիր նախաձեռնելու համար՝ Գոռ Ասրյանը կարևորեց ոլորտային խնդիրների լուծմանն ուղղված քայլերը:
- Գյուղատնտեսությունն ու բնապահպանությունը հիմնաքարային ոլորտներ են մեր պետության համար: Առավել կարևոր է, որ նշված ոլորտների զարգացմամբ մեր համայնքների համար կարողանանք ապահով կայուն զարգացում: Լոռու մարզպետարանն իր հնարավորությունների սահմաններում պատրաստ է անելու ամեն հնարավորինը ծրագրի հաջող ընթացքն ապահովելու համար,- ասաց նա:
Աշխատաժողովը նպատակաուղղված էր հանրապետությունում էկոլոգիական միջանցքի ստեղծման հնարավորությունների քննարկմանը: Ներկայացվեցին համայնքների էկոհամակարգերը որպես արտադրական աղբյուր օգտագործելու հնարավորությունները, զբոսաշրջության, տարածաշրջանային զարգացման, գյուղատնտեսության, անտառային տնտեսության, հանքարդյունաբերության և այլ ոլորտների զարգացման ներուժը: Համայնքապետերի կողմից բարձրացվեցին խնդիրեր, որոնց հնարավոր լուծումը կնպաստի ծրագրի իրականացմանն ու համայնքներում կենսամակարդակի բարձրացմանը:
Ծրագիրն իրականացվելու է Լոռու, Տավուշի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում։ Ֆինանսավորումն ապահովելու է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը։
Դեռևս ընթացքի մեջ է ծրագրի առաջին՝ տվյալների հավաքագրման փուլը: Հետագայում արդեն կընտրվեն թիրախային համայնքներ, որոնք նպաստավոր պայմաններ և պոտենցիալ կունենան էկոմիջանցքի ստեղծման համար: Ծրագրի կազմակերպիչները լիահույս են, որ հաջողելու դեպքում այն շարունակական կլինի, և կներառվեն նաև մարզի մյուս համայնքները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 11:42:47