Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Իմ համայնքը» խորագրով նկարչական մրցույթը կայացավ
13.08.2021
Լոռու մարզպետարանի աջակցությամբ, Գազանճեանի հիշատակի «ՀՈԳԱԼ» հիմնադրամի հովանավորությամբ և Լիլիա Աբրահամյանի առաջարկությամբ դեռևս շուրջ մեկ ամիս առաջ նախաձեռնություն էր ցուցաբերվել անցկացնել նկարչական մրցույթ՝ «Իմ համայնքը» խորագրով:
Այսօր Վանաձորի նախկին մանկատան դալիճում անցկացվեց մրցույթի եզափակիչ փուլը, որին մասնակցում էին Լոռու մարզի թվով 25 համայնքների 7-12 տարեկան երեխաներ, ովքեր հաղթող էին ճանաչվել համայնքներում անցկացված նախնական փուլում:
Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետարանի կրթության. մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, կրթության վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը, Վանաձորի Գեղարվեստի դպրոցի տնօրեն Արսեն Ռաֆայելյանը, Շահումյանի կրթամարզամշակութային համալիրի տնօրեն Սենիկ Մանուկյանը, քանդակագործ Սարգիս Ղարիբյանը, մարզպետարանի աշխատակիցներ, հյուրեր:
Երեխաները առաջարկված թեմայով ստեղծագործում էին հենց տեղում՝ ժյուրիի դատին հանձնելով իրենց պատկերացումները սեփական համայնքի մասին:
Մրցույթում առաջին տեղը զբաղեցրեց Շնող համայնքը ներկայացնող Արսեն Մովսեսյանը, երկրորդ տեղը՝ Վիկտորյա Չալաբյանը՝ Տաշիրից և երրորդ տեղը՝ Մեծավան համայնքից՝ Տիգրան Մելքոնյանը:
Միջոցառման բոլոր մասնակիցներն արժանացան պատվոգրերի և խրախուսական նվերների:
Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանն իր և մարզպետ Արամ Խաչատրյանի անունից շնորհակալական խոսք հղեց ներկաներին.
-Տեսնելով մեր մասնակիցների նկարները, նրանց երևակայությունն ու հմտությունը, վստահ կարող եմ ասել, որ մարզի գեղարվեստը հուսալի ապագա ունի: Նման միջոցառումները, խոստանում ենք, շարունակական են լինելու,-ասաց նա:
Միջոցառման նախաձեռնության և աջակցության համար Լոռու մարզպետի շնորհակալագրերով պարգևատրվեցին Լիլիա Աբրահամյանը և ծրագրի հովանավոր Մեգգի Գազանճեանը: