Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բժշկական հաստատությունները մշտապես մեր ուշադրության կենտրոնում են,- Ա. Խաչատրյան
02.08.2021
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանի ուղեկցությամբ այցելեց Տաշիրի և Ստեփանավանի բժշկական կենտրոններ, եղավ նաև Ստեփանավանի բժշկական կենտրոնի համաբուժարանում:
Մարզի ղեկավարը տեղում ծանոթացավ բուժհաստատությունների առօրյային, առկա հիմնախնդիրներին, զրուցեց տնօրենների, բուժանձնակազմի, ինչպես նաև տվյալ պահին բուժում ստացող հիվանդների հետ:
Նա բուժհիմնարկների ղեկավարներին հանձնարարեց ավելի հետևողական լինել քաղաքացիների պահանջներին և կարևորեց բուժհաստատությունների տեխնիկական ու մասնագիտական վերազինումների անհրաժեշտությունը.
- Չնայած մեր մարզի առողջապահական համակարգում շատ խնդիրներ կան, սակայն պետք է փաստենք, որ բժշկական հաստատությունները մշտապես մեր ուշադրության կենտրոնում են, և մենք հստակ պատկերացում ունենք առկա խնդիրների ու դրանց լուծման տարբերակների մասին: Նոր մասնագետներով և սարքավորումներով զինումը ոչ միայն բժշկական կենտրոնների, այլև մեր խնդիրն է: Հենց այս հարցի լուծմանը հասնելու միջոցով էլ մենք կկարողանանք մեր քաղաքացիներին տրամադրել բարձրորակ բուժսպասարկում,֊ ասաց մարզի ղեկավարը:
Տաշիրի ԲԿ֊ի տնօրենը մարզպետին ներկայացրեց կենտրոնի գործունեությունը և առկա խնդիրները: Նրա ներկայացմամբ՝ Տաշիր քաղաքը և հարակից համայնքները սպասարկող բուժհաստատության շենքային ոչ այնքան բարենպաստ պայմանների, մասնագետների և սարքավորումների սակավության պայմաններում էլ բժշկական անձնակազմը անում է ամեն հնարավորը քաղաքացիներին ըստ ամենայնի սպասարկելու համար:
Ստեփանավանի ԲԿ և համաբուժարան այցի ընթացքում մարզի ղեկավարին իրազեկվեց նոր ձեռքբերված սարքավորումների, բժշկական ծառայությունների ողջ ծավալի ու արդյունքների մասին: Այստեղ ևս առկա է մասնագետների սակավության խնդիր: Բժիշկ-մասնագետներից շատերը համատեղում են աշխատանքը՝ հիվանդ քաղաքացիներին սպասարկելով և՛ Տաշիր, և՛ Ստեփանավան քաղաքներում:
Հարկ է նշել, որ երկու բժշկական կենտրոններում էլ մասնագետների համալրման հարցի ժամանակավոր լուծում են գտել: Յուրաքանչյուր շաբաթ օր հատուկ մասնագետներ են հրավիրում Երևանից՝ իրականացնելու անվճար խորհրդատվություն։
Կարևորելով նման մոտեցումը՝ մարզի ղեկավարը նշեց, որ բուժհիմնարկների զարգացումը և վճարովի ծառայությունների ծավալի ավելացումը մեծապես կախված է հե՛նց բուժհիմնարկների ղեկավարների ջանքերից, նորարարական մոտեցումներից։
Արամ Խաչատրյանի նմանատիպ այցերը առողջապահական հաստատություններ կկրեն շարունակական բնույթ։