Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից ավագ ենթասպա Արամ Վահագնի Խաչատրյանը այսօր կդառնար 41 տարեկան

20.07.2021

 Հուլիսի 20-ին ավագ ենթասպա Արամ Խաչատրյանը կդառնար 41 տարեկան. հերոսի շիրիմի մոտ հավաքվել էին ընտանիքի անդամները, մարզային, քաղաքային իշխանության, հոգևոր դասի ներկայացուցիչներ, մարտական ընկերներ ու զինվորականներ:
Խորհրդանշական օրը նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար ավագ ենթասպա Արամ Վահագնի Խաչատրյանը հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով: Մեդալը հերոսի դստերը հանձնեցին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Սամվել Գևորգյանը:
Կատարվեց հոգեհանգստի կարգ, ներկաները միասին աղոթեցին Արամի ու մեր բոլո՛ր զոհված տղաների հոգու հանգստության ու խաղաղության համար: Մարզպետ Արամ Խաչատրյանը նշեց՝ անձամբ է ճանաչել հերոսին. ուստի վիշտը, ափսոսանքն ու ցավը կրկնակի է, միևնույն ժամանակ մեծ է նաև հպարտությունը, քանզի հենց այդպիսի անվախ տղաների շնորհիվ է, որ այսօր մենք կանք, և որ մեր երկինքը խաղաղ է.
-Նրանք հաղթել են. հաղթել են, որովհետև իրենց կյանքը դնելով զոհասեղանին ՝ մեզ այսօր հնարավորություն են տվել ապրելու ու արարելու: Նրանք երբեք չեն բացակայելու մեր կյանքից, նրանք մեր շարքերում են, հանուն հայրենիքի զոհված մեր հերոսները հավե՛րժ ներկա են լինելու , և հավատացնում եմ՝ երկնքից հպարտանալու են մեր ձեռքբերումներով ու հաջողություններով,- ասաց մարզի ղեկավարը:
Արամ Խաչատրյանը ծնվել է 1980 թ. հուլիսի 20-ին, Լոռու մարզի Մարց գյուղում, զինվորականի ընտանիքում: 2004 թ. ծառայել է հետախուզական վաշտում՝ որպես վաշտի ավագ։ 2007 թ. տեղափոխվել է Վանաձորի Զինտեխնիկայի վերանորոգման գումարտակ՝ որպես գումարտակի ավագ, հետագայում արդեն ծառայել է որպես Հատուկ դասակի հրամանատար։
2020թ սեպտեմբերի 27-ին մեկնել է Արցախ` մասնակցելու հայրենիքի սահմանների պաշտպանության համար մղվող մարտերին։ Զոհվել է Շուշիի և Լիսագորի համար մղվող մարտերում՝ թշնամու դիվերսիոն խմբերի հետ կռիվ մղելիս։ Պարգևատրվել է գերատեսչական շքանշաններով` «Անբասիր ծառայություն», «Ծովակալ Իսակով» և «ՀՀ.ԶՈւ-ի 20-ամյակ». դրանց թվին ավելացավ ևս մեկը, ցավոք, հետմահու:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 11:42:47