Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ռաֆայել Սեփխանյանը հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով
16.07.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրի համաձայն՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար շարքային Ռաֆայել Աշոտի Սեփխանյանը հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարզի տարածքային ստորաբաժանման զորահավաքային բաժնի պետ փոխգնդապետ Կարեն Հայրապետյանի հետ միասին մեդալը հանձնեց Ռաֆայելի հայրիկին:
-Մենք պարտք ունենք մեր նահատակված հերոսների շիրիմների ու նրանց ընտանիքների առաջ, խոստացել և մեր խոստմանը հավատարիմ՝ կերտելու ենք ուժեղ Հայաստան: Ռաֆայելի ու նրա նման շատ-շատերի սխրանքի մե՛ր պատասխանը պիտի լինի եկող սերնդին ավանդել ամու՛ր, հզո՛ր ու կանգու՛ն Հայաստան: Շնորհակալ եմ և խոնարհվում եմ ձեր ընտանիքի առաջ անվախ ու հերոս որդի դաստիարակելու համար, խոնարհումս՝ բոլոր նահատակներին, - ասաց մարզի ղեկավարը:
Ռաֆայել Սեփխանյանը ծնվել է 2000 թվականին Վանաձոր քաղաքում: Ուսումը շարունակելու նպատակով տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն, ապա վերադարձել՝ հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու: Ռաֆայելը զոհվել է 2020թվականի նոյեմբեր ամսին Մարտունու պաշտպանական շրջանում մղված մարտերի ընթացքում: