Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շահառու ընտանիքներին կտրամադրվի 4 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհ սեփական գործ հիմնելու համար

09.07.2021

Լոռու մարզպետարանի դահլիճում մարզպետարանի պաշտոնյաների, համայնքների ղեկավարների, «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի», Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների, հասարակական կազմակերպությունների և այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրված իրազեկման միջոցառման ընթացքում հայտարարվեց կարևոր դրամաշնորհային ծրագրի մեկնարկի մասին:
«Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան» իրականացնում է «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» դրամաշնորհային ծրագիրը։ Այն մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ և իրականացվում է Համաշխարհային բանկի համակարգման ներքո՝ Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է ընտանեկան նպաստի համակարգում գրանցված, ինչպես նաև այդ համակարգից դուրս մնացած ընտանիքներին տրամադրել սոցիալական բազմաբնույթ ծառայություններ, հզորացնել նրանց հետ աշխատող սոցիալական ծառայությունների աշխատակիցների կարողությունները։
Լոռու մարզպետի անունից ներկաներին ողջունեց և նման ծրագիր մեկնարկելու նախաձեռնության համար պատասխանատու կառույցներին շնորհակալություն հայտնեց մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը: Նա պատրաստակամություն հայտնեց ամենայն աջակցություն ցուցաբերել ծրագրի իրականացմանը:
Իր հերթին ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով մասնակցության համար՝ ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է սոցիալական դեպքի վարման համակարգի զարգացման և տեղայնացման, ինչպես նաև ձեռներեցության խթանման միջոցով բարելավել ավելի քան 11.000 քաղաքացիների սոցիալական վիճակը ՀՀ հինգ մարզերում՝ Լոռի, Արարատ, Արմավիր, Կոտայք և Շիրակ։
Ծրագրի ընթացքում կընտրվեն շահառու ընտանիքներ, որոնց համար հնարավորություն կստեղծվի ինքնուրույն հաղթահարել եկամտի աղբյուր ունենալուն խոչընդոտող խնդիրները և զարգացնել սեփական ձեռնարկատիրական հմտությունները։
Նախատեսվում է մշակել սոցիալական դեպքի վարման նոր մեթոդաբանություն, իսկ աղքատության հաղթահարումը փորձարկել ակտիվացման և ներառման հստակ նորարարական մեխանիզմներով, ինչը թույլ կտա ավելի պատրաստ և դիմացկուն լինել տարատեսակ սոցիալական ռիսկերին արձագանքելու գործընթացում։
-Մեր նպատակն է իրականացնել ամբողջական գործընթացը՝ սոցիալական աշխատողների համար դասընթացների կազմակերպումից մինչև գործիքների տրամադրում, ուղեկցում և ծրագրի հաջող ավարտ, կարիքավորների բարեկեցության ապահովում: Վերջնանպատակը պետք է լինի այն, որ կարիքավոր ընտանիքը դառնա ինքնաբավ: Նրանց համար պետք է ստեղծենք կայուն եկամտի աղբյուր ունենալու հնարավորություն,-ասաց Մ. Անտոնյանը:
Ծրագրի գործադիր տնօրեն Ռուբեն Մարկոսյանն իր հերթին ներկայացրեց, որ ծրագրով՝ շահառուներից կընտրվի ընդհանուր առմամբ 300 ընտանիք(50-60-ը՝ Լոռու մարզից), որոնց կտրամադրվի 4 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհ սեփական գործ հիմնելու համար։
Ծրագրի արդյունքում նաև Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների և համայնքային շուրջ 200 սոցիալական աշխատողներ հնարավորություն կունենան յուրացնելու և զարգացնելու սոցիալական դեպքի վարման մասին գիտելիքներն ու գործնական հմտությունները։ Մասնավորապես, սոցիալական աշխատողները կզարգացնեն դեպքի հետ անհատական աշխատանքի, կարիքահեն մոտեցումներով գործելու հմտությունները՝ այդպիսով բարձրացնելով շահառուներին մատուցվող ծառայությունների արդյունավետությունը։ Ըստ այդմ, սոցիալական պաշտպանության համակարգում կներդրվի այնպիսի մոտեցում, որը ենթադրում է համալիր և բազմակողմանի արձագանք խնդրահարույց իրավիճակներին՝ կանխարգելելով և հաղթահարելով մարդկանց իրավիճակի խոցելիությունը։
Ծրագրի ընթացքի վերաբերյալ շահագրգիռ կառույցների մասնակցությամբ ծավալվեց նաև ակտիվ քննարկում:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53