Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գյուղատնտեսական պետական օժանդակության ծրագրերի քննարկման նպատակով երկօրյա այցով Լոռու մարզում են ոլորտի պատասխանատուները

09.07.2021

 Գյուղատնտեսության ներկա վիճակի, առկա խնդիրների և ոլորտի հեռանկարների, ինչպես նաև նախարարության կողմից իրականացվող պետական օժանդակության ծրագրերի իրազեկման, իրականացման ընթացքի և առկա խնդիրների քննարկման նպատակով երկօրյա աշխատանքային այցով Լոռու մարզում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Գյուղատնտեսական ծառայությունների կոնտրոնՊՈԱԿ-ի, Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման հիմնադրամի, Սմարթ-Ագրո ՓԲԸ-ի մասնագետները:
Այցի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի և Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանի գլխավորությամբ խորհրդակցություն անցկացվեց մարզպետարանի դահլիճում, որին մասնակցում էին նախարարության, մարզպետարանի պաշտոնայներ, մարզի համայնքների ղեկավարներ, գյուղոլորտի, շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ:
Ներկաներին մարզի ղեկավարի և իր անունից ողջունեց Գոռ Ասրյանը: Փոխմարզպետը կարևորեց մարզում գյուղատնտեսության զարգացմանը միտված պետական աջակցության ծրագրերը՝ շեշտելով, որ նախարարության, մարզպետարանի, ՏԻՄ ոլորտի ներկայացուցիչների և գյուղատնտեսների սերտ համագործակցությունը տալիս է իր դրական արդյունքը. գյուղատնտեսության զարգացման ցուցանիշները մարզում տարեցտարի ավելի են բարելավվում:
Տիգրան Գաբրիելյանը և ոլորտի պատասխանատուները հանդիպման ընթացքում ներկայացրեցին նախարարության կողմից կյանքի կոչվող մի շարք ծրագրեր՝ առանձնացնելով հատկապես պետական դրամաշնորհներով իրականացվող ծրագրերը, որոնք ուղղված են գյուղացիական տնտեսությունների զարգացմանը:
Շեշտվեց կառավարության կողմից իրականացվող տոհմային կենդանիների ներմուծման ծրագիրը, որի շրջանակներում Հայաստան է բերվել շուրջ 1100 գլխաքանակ, որոնց 30 տոկոսից ավելին տրամադրվել են մեր մարզի տնտեսվարողներին: Փոխնախարարը նշեց՝ Լոռիում ոչխարաբուծությունն ու տավարաբուծությունը հեռանկարներ ունեցող ուղղություններ են, որոնց զարգացման համար առաջնային է տնտեսվարողների ակտիվ համագործակցությունը պետական օղակի հետ: Մասնավորապես՝ պետական օժանդակությամբ իրականացվող տավարաբուծության ծրագիրը հնարավորություն է տալիս 5 տարի ժամկետով, անտոկոս վարկ վերցնել և տոհմային կենդանի ձեռք բերել կարճ ժամկետներում: Պետությունը տնտեսվարողի առջև որևէ սահմանափակում չի դնում, կարևոր է միայն կենդանու սեռահասակային կազմը. պետք է լինի 14ից 17 ամսական էգ մատղաշ: Ուշադրություն է դարձվում նաև պահման բարենպաստ պայմանների առկայությանը: Նախաձեռնությունն իրականացվում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների բարելավման ծրագրի շրջանակներում:
Կառավարությունն առաջարկում է օժանդակության ծրագրեր և՛ բուսաբուծության, և՛ անասնաբուծության ոլորոտում՝ ինտենսիվ այգիների ծրագիր, կաթիլային ոռոգման, կարկտապաշտպան ցանցերի, խելացի անասնաշենքների, տոհմային կենդանիների ներկրման, ոչխարաբուծության և այլ ծրագրեր: Հանդիպման մասնակիցներին հանգամանալի ներկայացվեցին այս և այլ ուղղություններով տարվող աշխատանքները, տարատեսակ ծրագրերը, որոնց դիմելու հնարավորութուն ունեն բոլոր ցանկացողները:


Ընտանի կենդանիների շրջանում «սիբիրյան խոց» հիվանդության տարածման վերաբերյալ ներկաների մտահոգությանն ի պատասխան՝ և՛ նախարարության, և՛ մարզպետարանի պաշտոնյաները վստահեցրին՝ կատարվել են հստակ կանխարգելիչ գործողություններ: Փոխնախարարն ասաց, որպեսզի վարակը չներթափանցի հանրապետության այլ մարզեր, հիվանդ կենդանիներին այրել ու սահմանափակումներ են մտցրել, թույլ չեն տվել մսի ու կաթի արտահանում:


Քննարկվեցին նաև կենդանիների շրջանում իրականացվող պատվաստումների, արոտավայրերի և անասնակերի, ոռոգման ջրի սակավության, սերմերի ճիշտ բաշխման վերաբերյալ և մի շարք այլ հարցեր:
Այցի շրջանակներում նախարարության և մարզպետարանի պաշտոնյաները եղան նաև Վանաձորի և Տաշիրի տարածաշրջանի գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագերի շահառու տնտեսություններում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 11:42:47