Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Համակողմանիորեն կուսումնասիրվեն Արցախից տեղահանված անձանց զբաղվածության և կենսապայմանների ապահովման հիմնախնդիրները
01.07.2021
2020թ. պատերազմի հետանքով Արցախից տեղահանված անձանց բնակեցումը Հայաստանում և դրանով պայմանավորված երկարաժամկետ զբաղվածության և կենսապայմանների ապահովման հիմնախնդիրները հաշվի առնելով՝ REACH նախաձեռնությունը, Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալության (ACTED)անունից իրականացնում է գնահատում տնտեսական կայունության հիմնախնդիրների վերաբերյալ: Վերջինս նպատակ ունի աջակցել միջազգային մարդասիրական կազմակերպությունների կողմից վաղ վերականգնման նախագծերի իրականացմանը, խոցելի բնակչությանն անհապաղ աջակցության տրամադրմանը և ճգնաժամի հաղթահարման ռազմավարությունների մշակմանը:
Այս հարցում Լոռու մարզպետարանի հետ համագործակցության ակնկալիքով՝ այսօր հանդիպում-քննարկում էր կազմակերպվել Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանի, մարզպետարանի ոլորտային պատասխանատու պաշտոնատար անձանց և Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ողջունելով ներկաներին՝ Գոռ Ասրյանը կարևորեց Լոռու մարզում բնակվող արցախցիների խնդիների համակողմանի ուսումնասիրման նախաձեռնությունը և վստահեցրեց, որ մարզպետարանը պատրաստ է աջակցություն ցուցաբերելու նախաձեռնության իրականացմանը:
Կազմակերպության ներկայացուցիչ Սեդա Անանյանը տեղեկացրեց, որ գնահատումն իրականացվելու է ֆոկուսային քննարկումների միջոցով հուլիսի 11-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հետազոտությունն անցկացվելու է 3 թիրախային խմբերի հետ: Քննարկումների միջոցով նախատեսվում է ուսումնասիրել աշխատաշուկայում առկա հնարավորությունների հանդեպ պահանջարկը, Արցախից տեղահանվածների ինտեգրման հարցում հիմնական կարիքներն ու մարտահրավերները, Արցախից տեղահանված բնակիչների շրջանում զբաղվածության խնդիրների հաղթահարմանն ուղղված ծրագրերի շրջանակը, ինչպես նաև աջակցության ակնկալիքները: