Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Ռուսական կենտրոնը» հնարավորություն կտա առավել սերտացնել մշակութային կապերը հայ և ռուս ժողովուրդների միջև
11.06.2021
Ռուսաց լեզվի անվճար դասընթացներ, ինտերակտիվ քննարկումներ, կինոդիտումներ, ռուս գրականություն, կրթական տարբեր նյութեր. Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում նորաբաց «Ռուսական կենտրոնը» հնարավորություն կտա առավել սերտացնել մշակութային կապերը հայ և ռուս ժողովուրդների միջև:
Ռուսական կենտրոնի բացման պաշտոնական արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Գյումրիում` Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը, դեսպանության և գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչներ, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչության և ռուսական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Երևանի «Մոսկվայի տան» գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, կենտրոնի բացման հովանավոր Արսեն Մնացականյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի ներկայացուցիչներ, մտավորականներ, հյուրեր:
Վահրամ Կարապետյանի խոսքով կենտրոնում կգործեն տարբեր խմբակներ՝ նկարաչական, շախմատի և այլն: Ռուսական կենտրոնի այցելուներն ու ընթերցողները կարող են ծանոթանալ Ռուսաստանի մասին կրթաճանաչողական նյութերին, այստեղ ներկայացված է նաև հարուստ գրականություն: Կենտրոնը հագեցած է տեխնիկայով, որը հասանելի կդարձնի Ռուսաստանի պատմամշակութային և գրական ժառանգությունը:
Կրթական կենտրոնը ստեղծվել է Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան կենտրոնի նախաձեռնությամբ, աջակցել են նա Լոռու մարզպետարանը, Վանաձորի քաղաքապետարանը և բարերար Արսեն Մնացականյանը:
Հանդես գալով ողջույնի խոսքով՝ Արամ Ռևազյանն իր և մարզի ղեկավար Արամ Խաչատրյանի անունից շնորհավորեց կենտրոնի բացման կապակցությամբ և նշեց, որ մարզպետարանը մեծ կարևորություն և նշանակություն է տալիս այս իրադարձությանը և այդ նպատակով դեռևս մայիս ամսին հուշագիր է ստորագրվել Լոռու մարզպետի և Վահրամ Կարապետյանի միջև:
Համագործակցությունը տալիս է իր հերթական պտուղները՝ հնարավորություն տալով ունենալ առավել կիրթ, ու զարգացած երեխաներ:
Արամ Ռևազյանը նաև խորհրդանշական նվեր հանձնեց Վահրամ Կարապետյանին: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննան Անդրեասյանը նշեց, որ նախարարությունը խրախուսում է նմանատիպ կենտրոնների ստեղծումը մարզային տարբեր քաղաքներում և համայնքներում:
Ներկաները հնարավորություն ունեցան ներկա լինելու ռուսաց լեզվի բաց դասին, ծանոթանալու աշակերտների գիտելիքներին, իսկ միջոցառման ավարտին ռուսերենի անվճար դասընթացների առաջին փուլի մասնակիցները ստացան վկայագրեր՝ երկամսյա դասընթացներն ավարտելու համար: