Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ «Կանաչ համայնք, դիմակայուն ապագա» ծրագրի պաշտոնական բացման արարողությունը
07.06.2021
Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա շրջանակներում Լոռու մարզի Մարգահովիտ համայնքի «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի Միրաք ընտանիքի անվան անտառվերականգնման տնկարանում տեղի ունեցավ «Կանաչ համայնք, դիմակայուն ապագա» ծրագրի պաշտոնական բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության դեսպան Անդրեա Վիկտորինը, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի համապատասխան վարչության աշխատակիցներ, պատասխանատու այլ պաշտոնյաներ: Փոխմարզպետը և դեսպանը, հանդես գալով ողջույնի խոսքով, երկուստեք շեշտեցին շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ծրագրերի կարևորությունը, միջազգային փորձի վրա հիմնված «կանաչ» քաղաքաշինության լայնորեն կիրառելի մոդելը Հայաստանում հասանելի դարձնելու, ինչպես նաև «կանաչ» ապրելակերպի գաղափարը խթանելու անհրաժեշտությունը:
Գոռ Ասրյանը վերահաստատեց՝ անտառային ֆոնդի համալրումը, անտառվերականգնման և անտառտնկման գործընթացը առաջնային նշանակություն ու կարևորություն ունեն: Մարզպետի տեղակալը հույս հայտնեց, որ տարիների հաջողված համագործակցությունը այսուհետ ևս շարունակական կլինի և արդյունավետ համայնքների ու մարզի զարգացման համար:
Ծառատունկ իրականացնելուց հետո ներկաները այցելեցին Օհանյանների անվան բնապահպանական կրթական կենտրոն, Հրանտ Դինքի անվան հիշատակի անտառ, ինչպես նաև ծանոթացան Մարգահովիտ համայնքում իրականացվող մի շարք ծրագրերին:
Կանաչ ապրելակերպի խթանման, անտառվերականգնման ու կանաչապատման ծրագրերը իրականացնելու համար ներդրումը կազմում է 774.000 եվրո, որից 695.000ը՝ ԵՄ- ի կողմից, գործընկեր կազմակերպություններն են՝ «Էյ Թի Փի» բարեգործական, «Ջինիշյան հիշատակի» և «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամները:
Նախատեսվում է ևս 100 հա ընդհանուր մակերեսով նոր անտառներ տնկել, կանաչապատել շուրջ 50 դպրոցի տարածքներ, տնամերձ տնկարաններ հիմնել, որտեղ կարտադրեն վաճառքի ենթակա տնկիներ, կստեղծվի նաև առցանց տեղեկատվության փոխանակման հարթակ: