Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված տոնական համերգը կայացավ
31.05.2021
Վանաձորի Էդվարդ Կզարթմյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի դահլիճում Երևանի «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութային և բիզնես կենտրոնի նախաձեռնությամբ` Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական խմբի հետ համատեղ, Լոռու մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպվել էր Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված տոնական համերգ:
Համերգին ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզային և քաղաքային իշխանությունների, հոգևորականության, «Մոսկվայի տուն» կենտրոնի ներկայացուցիչներ:
Միջոցառման նախաձեռնության համար «Մոսկվայի տուն» կենտրոնի ղեկավարությանը իր և մարզի ղեկավարի անունից շնորհակալություն հայտնեց Գոռ Ասրյանը՝ կարևորելով երկուստեք համագործակցությունը՝ ի նպաստ մշակութային կապերի զարգացման:
Երեկոյի ընթացքում երիտասարդ երաժիշտները կատարում էին քսաներորդ դարի ամենավառ կոմպոզիտորներից մեկի՝ Առնո Բաբաջանյանի, ամենահայտնի և սիրված գործերը:
Համերգի ավարտին ողջույնի խոսքով հանդես եկավ նաև «Մոսկվայի տուն» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, ով շնորհակալություն հայտնեց Լոռու մարզպետարանին` ի դեմս մարզպետ Արամ Խաչատրյանի և Վանաձորի քաղաքապետարանին` բեղմնավոր համագործակցության և աջակցության համար: