Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Մարզերի զբոսաշրջային ներուժը». էքսպո-ցուցահանդես Երևանում

31.05.2021

 ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն մայիսի 27-ին և 28-ին Երևանի Խաչքարերի պուրակում (Կառավարական 3-րդ շենքի դիմաց) կազմակերպել էր «Ճանաչիր Հայաստանը» կարգախոսով բացօթյա ցուցահանդես։
Միջոցառման նպատակն էր ներկայացնել Հայաստանի յուրաքանչյուր մարզի զբոսաշրջային ներուժն ու խթանել դեպի մարզեր այցելությունների աճը՝ առավել գրավիչ ներկայացնելով մարզերը ճամփորդների և ներքին զբոսաշրջիկների համար:
Ցուցահանդեսին ներկայացված էին Հայաստանի բոլոր մարզերի բերքն ու բարիքը, հայ արվեստագետների ձեռքի աշխատանքներ, կիրառական արվեստի նմուշներ, նկարներ, ձեռագործ տիկնիկներ, փայտե և կավե նմուշներ և այլն։ Արկածային տաղավարում էքստրեմալ ճամփորդությունների սիրահարները կարող էին ծանոթանալ Հայաստանի արկածային զբոսաշրջային հնարավորություններին, իսկ գաստրո տաղավարում շեֆ խոհարարները հյուրերին ներկայացրել են տարբեր մարզերին հատուկ ուտեստները։ Ցուցահանդեսի ընթացքում կազմակերպվել են նաև վարպետաց դասեր ու մշակութային ցուցադրություններ։
Ցուցահանդեսին լավագույնս ներկայացել է նաև Լոռու մարզը՝ իր գեղեցիկ տաղավարով։ Մարզը ներկայացրել են Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, բաժնի մասնագետները, կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը։
Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանն ու Արման Խոջոյանը, Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանը, այլ պաշտոնատար անձինք, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր։
Ցուցահանդեսն ազդարարել է #ՃանաչիրՀայաստանը (#TravelForArmenia) սոցիալական արշավի սկիզբը, որի նպատակն է Հայաստանով ճամփորդելը դարձնել առավել գրավիչ ու հետաքրքիր ամբողջ ամառվա ընթացքում:
Ցուցահանդեսն իրականացվել է «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից։
Միջոցառմանը զուգահեռ Զբոսաշրջության կոմիտեն մայիսի 27-ին տեղացի և միջազգային փորձագետների մասնակցությամբ կազմակերպել էր թեմատիկ քննարկումներ՝ նվիրված համավարակով պայմանավորված զբոսաշրջության ոլորտի վերականգնմանն ու հետագա զարգացմանը, ինչպես նաև ոլորտում նորարարությունների ներդրմանն ու թվային կարողությունների ընդլայնմանը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 11:42:47