Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

27.05.2021

Սիրելի՛ լոռեցիներ
Շնորհավորում եմ Հանրապետության տոնի` Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 103-րդ տարեդարձի առթիվ:
1918թ. մայիսի 28-ին` շուրջ վեցհարյուրամյա ընդմիջումից հետո, Հայոց անկախ պետականության վերականգնումն արդյունք էր այն փառավոր հերոսամարտերի, որ հայ ժողովուրդը մղեց Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում, որոնք դարձան հայոց անկոտրում ոգու խորհրդանիշ: Այդպիսով, հիմք դրվեց դարերով երազած ազգային պետականության: Այն թանկ ու գնահատելի է բոլոր սերունդների համար: Այն առավել քան նվիրական է մեր սերնդի՝ ժամանակակիցներիս համար:
Այսօր, տասնամյակների հեռվից, երբ վերլուծում ենք 103 տարի առաջ հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցած իրադարձությունները, կրկին ու կրկին համոզվում ենք, որ միասնականությունն ու հաղթանակի մեծագույն կամքն է ազատ և անկախ ապրելու, ազգային պետականություն ունենալու երաշխիքը:
Այո, մեր բոլոր ժամանակների հաղթանակները ձեռք են բերվել բացառիկ համախմբվածության ու միակամության շնորհիվ` հետագայում հիմք դառնալով նաև մեր ժողովրդի ազատատենչ ոգու նոր դրսևորումների, պատմական նոր սխրանքների համար: Ռազմի դաշտում տարած հաղթանակները զորացրել են մեր հավատը սեփական ուժերի նկատմամբ, կամք և վճռականություն են հաղորդել մեզ` պահպանելու և զարգացնելու պայքարով ձեռք բերածը, հզորացնելու մեր անկախ պետականությունը` արդի մարտահրավերներին արժանիորեն դիմակայելու, մեր ժողովրդի առավել բարեկեցիկ ապագան կերտելու համար:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ տոնի` Հանրապետության օրվա առթիվ և մաղթում առողջություն, խաղաղ երկինք՝ մեր ժողովրդի և Հայոց անկախ պետականության ապագայի համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 11:42:47