Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նիստում քննարկվեցին մի շարք կարևոր հարցեր

27.05.2021

 Լոռու մարզպետարանում անցկացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նիստը։
Փոխմարզպետ Գոռ Ասրյանի նախագահությամբ անցկացված նիստին մասնակցում էին նաև ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի (ԱՍՀՆ) նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը։
Օրակարգային հարցերի շրջանակներում Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ, հանձնաժողովի քարտուղար Վալերի Ջաղինյանը ներկայացրեց նախորդ նիստի ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքը և արդյունքները:
Նիստին հրավիրված Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանը ներկաներին իրազեկեց զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց բժշկավերականգնողական նպատակով կենտրոնում իրականացվող աշխատանքների մասին՝ տեղեկացնելով, որ արդեն իսկ բաժանմունք է ստեղծված, գնված են անհրաժեշտ բուժսարքավորումները, և շատ շուտով բաժանմունքը կգործի իր ողջ ծավալով:
Տաթևիկ Ստեփանյանը ներկայացրեց հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, սոցիալական ներառմանն ու անկախ կյանքի կենտրոնների ստեղծմանն ուղղված ԱՍՀՆ ծրագրերը՝ կարևորելով դրանց համակարգված ու համալիր իրականացումը։
«Անկախ կյանքի կենտրոններում հաշմանդամություն ձեռք բերած անձանց համար և ոչ միայն նախատեսվում է իրականացնել ինքնուրույն կենցաղավարման ծրագրեր, մասնագիտական կողմնորոշման, կարիերայի պլանավորման ծառայություններ։ Մատուցվող սոցիալական ծառայությունների շրջանակում կիրականացվի նաև շահառուի կարիքների գնահատում, անձնական օգնականի տրամադրում»,- նշել է նախարարի տեղակալը։
Քննարկվող թեմայի շրջանակներում նշվեց, որ Ստեփանավանի «Լիարժեք կյանք» ՀԿ-ի կողմից տարիներ առաջ ստեղծվել է նման կենտրոն, որը լիարժեքորեն գործում է մինչ օրս: Ի դեպ, նմանատիպ ծրագիր է նախատեսում իրականացնել նաև «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ի կողմից. խոսքը վերաբերում է «Դեպի անկախ կյանք» ծրագրի շրջանակներում «EREO» նորաստեղծ անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի ստեղծմանը:
Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանն անդրադարձավ աջակցող միջոցների տրամադրման պարզեցված ընթացակարգին՝ նշելով, որ սա հնարավորություն կտա կարիքին համապատասխան ծառայությունները տրամադրել առավել հասցեական և ժամանակին։
Նիստի ընթացքում «Ագաթ», «Լուսաստղ», «Հայկական Կարիտաս», «Լիարժեք կյանք», «Առաքելություն Հայաստան», «Առավոտ», «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները մանրամասնեցին երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայությունները․ քննարկվեցին նաև ԱՍՀՆ կողմից պատվիրակման միջոցով իրականացվող ծրագրերը։
Քննարկումը շարունակվեց հարցուպատասխանի ձևաչափով։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 11:42:47