Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու և Գեղարքունիքի մարզերի դպրոցները նույնպես կընդգրկվեն «Ազգային դպրոցական սննդի» ծրագրում

25.05.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի նախաձեռնությամբ և Լոռու մարզպետարանի աջակցությամբ Վանաձորի քաղաքապետարանի դահլիճում կազմակերպվել էր «Զարգացման ոլորտի դերակատարների համակարգող հանդիպում Լոռու և Գեղարքունիքի մարզերի դպրոցների վերանորոգմանն ուղղված ընդհանուր ջանքեր» խորագրով, որին ներկա էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Նաննա Սկաուն, Լոռու և Գեղարքունիքի մարզպետարանների, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի, «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի, «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի, Հայաստանի մանուկներ հիմնադրամի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչներ, գործարարներ, հասարակական և միջազգային կառույցների անդամներ, բարերարներ:
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) օգնությամբ, Ճյուղային սննդի ինստիտուտի տեխնիկական աջակցությամբ և Ռուսաստանի Դաշնության կառավարության ֆինանսական օժանդակությամբ ավելի քան 10 տարի հանրապետությունում իրականացվում է «Տաք սնունդ» ծրագիրը, իսկ 2014 թվականին արդեն սկսվել է «Ազգային դպրոցական սննդի» ծրագրի իրականացումը Հայաստանում։
Այսօր Ազգային ծրագրի շրջանակներում Հայաստանի վեց մարզերի (Արարատ, Վայոց Ձոր, Սյունիք, Տավուշ, Շիրակ և Արագածոտն) շուրջ 50 000 աշակերտներ ամեն օր ստանում են տաք սնունդ:
Նախատեսվում է Ազգային ծրագրում հաջորդը ընդգրկել Լոռու և Գեղարքունիքի մարզերի դպրոցները:
Ազգային ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել ՀՀ կառավարության, ՄԱԿ ՊՀԾ-ի, տեղական իշխանությունների, դպրոցների տնօրենների և ծնողների համատեղ ջանքերի շնորհիվ: Համագործակցության արդյունքում հնարավոր է դարձել վերանորոգել դպրոցական ճաշարանները և վերազինել ժամանակակից սարքավորումներով, վերապատրաստել խոհարարներին՝ տալով գիտելիքներ անվտանգ, առողջարար և համեղ դպրոցական սնունդ պատրաստելու նպատակով:
Տաք սնունդ պատրաստելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը տարրական՝ 1-4-րդ դասարանների յուրաքանչյուր երեխայի հաշվով հատկացնում է դպրոցներին օրական 140 դրամ։
Դպրոցների մեծ մասի համար անհրաժեշտ է իրականացնել խոհանոցների և ճաշարանների հիմնանորոգում, իսկ որոշ դպրոցներում՝ ինժեներական կոմունիկացիաների ստեղծում:
Ի հեճուկս տնօրենների մեծ ոգևորությանը և երեխաներին տաք, լիարժեք և անվտանգ սննդով ապահովելու ցանկությանը՝ հաճախ հնարավոր չէ տրամադրել բավարար միջոցներ։
Խնդիրն անհնար է հաղթահարել միայն մարզի և դպրոցների միջոցներով և այդ նպատակով նախաձեռնվել է հնարավոր նվիրատուների համաժողով` ստանալու աջակցություն դպրոցների ենթակառուցվածքների վերականգնման հարցում: Թեև դպրոցները ծրագրի միջոցներով ապահովվում են շինանյութով և խոհանոցային սարքավորումներով, սակայն նրանք աջակցման կարիք ունեն վերանորոգման աշխատանքներն իրականացնելու և ճաշասրահի համապատասխան գույք ձեռք բերելու հարցում:
Հանդիպման առիթով ողջույնի խոսքով հանդես եկան մարզպետ Արամ Խաչատրյանը, փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, Նաննա Սկաուն:
Մարզի ղեկավարն իր խոսքում նշեց, որ Լոռու մարզպետրանի համագործակցությունը ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի հետ արդեն տարիների փորձ ունի, որի արդյունքում Լոռու մարզային ենթակայության 146 դպրոցներում տարրական դասարանների թվով 12400 երեխա ստացել է ամենօրյա տաք սնունդ։ Այս պահին ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ մարզային ենթակայության թվով 72 պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվում են ճաշարանների և սննդի պահեստների վերանորոգման և համապատասխան գույքով վերազինման աշխատանքները։ Ընթացքի մեջ են նաև գյուղատնտեսական ծրագրով նախատեսված՝ թվով 13 դպրոցներում ինտենսիվ պտղատու և հատապտղային այգիների հիմնման և բարձր տեխնոլոգիաների ջերմոցների կառուցման աշխատանքները։ Ավարտման փուլում են թվով 18 դպրոցներում արևային կայանների տեղադրման աշխատանքները։ Գյուղատնտեսական ծրագրի նպատակն է աշակերտներին զինել ժամանակակից գյուղատնտեսության վերաբերյալ գործնական գիտելիքներով, որը միտված է գյուղատնտեսության կազմակերպման կարծրացած, ոչ արդյունավետ մեթոդները նոր, արդյունավետ մեթոդներով փոխարինմանը և գյուղատնտեսության ոլորտում համայնքների զարգացմանը։
Նա նշեց, որ մարզային ենթակայության դպրոցների մի մասի համար ևս անհրաժեշտ է իրականացնել խոհանոցների և ճաշարանների հիմնանորոգում, իսկ որոշ դպրոցներում՝ ինժեներական կոմունիկացիաների ստեղծում, որի համար դպրոցները չունեն բավարար ֆինանսական միջոցներ։
-Այսօրվա հանդիպումից ակնկալում ենք՝ համագործակցության արդյունքում հնարավոր դարձնել քիչ ֆինանսական հնարավորություններ ունեցող և ծրագրից դուրս մնացած դպրոցներում ևս իրականացնել դպրոցական ճաշարանների վերանորոգման և ժամանակակից սարքավորումներով վերազինման աշխատանքներ,-իր խոսքն ամփոփելով՝ նշեց Ա. Խաչատրյանը:
Հանդիպմանը ներկայացվեցին Ազգային դպրոցական սննդի ծրագրի արդյունքները, ինչպես նաև առկա դժվարություններն ու հաղթահարման ուղիները: Միաժամանակ տրամադրվեցին հուզող բոլոր հարցերի պատասխանները:
Միջոցառման շրջանակներում այցելություն կատարվեց նաև Շահումյան համայնքի միջնակարգ դպրոց, որը նույնպես ծրագրի թիրախային դպրոցներից է, այստեղ հիմնվել է ինտենսիվ այգի, իսկ առաջիկայում այն ևս կընդգրկվի «Ազգային դպրոցական սննդի» ծրագրում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 11:42:47