Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Երկրապահի օրը՝ առաջնորդարանի բակում
10.05.2021
Երկրապահի օրվա առթիվ մարզային իշխանությունները՝ մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորությամբ, այսօր իրենց խոնարհումը հայտնեցին հանուն հայրենիքի իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին:
Մայիսի 8-ն ամբողջությամբ նվիրված էր նրանց:
Վաղ առավոտյան Գուգարաց թեմի առաջնորդարանի բակում` Շուշիի խաչքարի մոտ, կատարվեց հոգեհանգստյան կարգ և ոգեկոչման արարողություն` հանդիսապետությամբ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի:
Ներկա էին մարզային և քաղաքային իշխանության, հոգևոր դասի ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավոր Վանիկ Օհանյանը, բազմաթիվ քաղաքացիներ:
Միասնական աղոթքով ներկաները խաղաղություն մաղթեցին հայրենիքին, անառիկություն մեր երկրի սահմաններին, իսկ հայի մտքին ու բազկին՝ ուժ և հզորություն: Կատարումներով հանդես եկան Գուգարաց թեմի Վարդանանց հետնորդներ նվագախումբը, Հայորդաց տան երգչախումբը, ասմունքով՝ Ջիվան Սարգսյանը, ով և վարում էր միջոցառումը:
Ներկաները ծաղիկներ խոնարհեցին առաջնորդարանի բակում տեղադրված խաչքարին:
Մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչները, Գուգարաց թեմի հոգևոր դասը ծաղիկների խոնարհեցին նաև ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին:
Օրվա ավարտին այցելությունեց կատարվեց Վանաձորի զինվորական պանթեոն: Ներկաները աղոթք հնչեցրեցին առ Աստված Արցախյան պատերազմներում հերոսաբար նահատակված հայորդիների հիշատակի համար և ծաղիկների խոնարհեցին նրանց սուրբ շիրիմներին: