Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մոդուլային դպրոցներ՝ Մեդովկա և Հագվի, մոդուլային մանկապարտեզ՝ Սպիտակ համայնքում
07.05.2021
ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի բյուջեն ավելացվել է 2 մլրդ 942 մլն 825 հազար դրամով: Գումարը նախատեսվում է հատկացնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին՝ ՀՀ մարզերում սովորողների փոքր համակազմ ունեցող 15 դպրոցի մոդուլային շենքերի կառուցումը շարունակելու, ինչպես նաև 10 մոդուլային մանկապարտեզների շինարարության համար:
Մոդուլային շենքեր կկառուցվեն նաև Լուռու մարզի Մեդովկայի միջնակարգ և Հագվու հիմնական դպրոցների համար: Կառուցվող բոլոր մոդուլային դպրոցներն ապահովված կլինեն ապաստարաններով: Ենթադրվում է, որ մոդուլային դպրոցները պետք է ծառայեն նաև որպես համայնքային զարգացման կենտրոններ` ստանձնելով մշակութային, սպորտային և ժամանցի կենտրոնի գործառույթներ:
Ի թիվս հանրապետության մյուս մարզերի համայնքների մոդուլային մանկապարտեզի մասնաշենք կկառուցվի նաև Լոռու մարզի Սպիտակ համայնքում:
Կառավարության որոշմամբ մոդուլային մանկապարտեզների կառուցման նպատակով նախատեսվել է ընդհանուր առմամբ 1 մլրդ 396 մլն 565 հազար դրամ: Մանկապարտեզների կառուցումը նախադպրոցական կրթության համակարգում երեխաների ընդգրկվածությունը մեծացնելու՝ պետական ծրագրով նախատեսված միջոցառումներից է:
Մարզերում մոդուլային դպրոցների կառուցման ծրագրին կհատկացվի 1.5 մլրդ դրամ: Համայնքային բնակավայրերն ընտրվել են` հաշվի առնելով, որ դպրոցում սովորում է մինչև 100 աշակերտ, ունի սեյսմակայունության խնդիր, ուստի շենքի վերականգնումը տնտեսապես արդյունավետ չէ: Պարտադիր պայման է նաև, որ տվյալ դպրոցը բնակավայրում միակը լինի: 15 դպրոցի մոդուլային շենքերի կառուցումը մեկնարկել է 2020 թվականին, որը, սակայն, պատերազմական իրավիճակով պայմանավորված, անցյալ տարի ընդհատվել է: Այժմ ծրագիրը շարունակվում է: