Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անկացվեց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի մամլո ասուլիսը

29.04.2021



Ապրիլի 29-ին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հանդես եկավ մամլո ասուլիսով, որին ներկա էին մարզային և հանրապետական լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Ասուլիսին մասնակցում էին նաև մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Մինչ լրագրողների հարցերին անցնելը, մարզի ղեկավարը անդրադարձավ այս տարվա 4 ամիսների ընթացքում կատարված աշխատանքներին՝ ներկայացնելով ամփոփ հաշվետվություն:
Քաղաքաշինություն
Ավարտական փուլում են.
 Վանաձորի Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի շինարարությունը (նախատեսվում է շահագործման հանձնել 2021թ. մայիսին): Ծրագիրն իրականացվում է պետբյուջեի ֆինանսավորմամբ: Ընդհանուր արժեքը 647.656 մլն. դրամ է: Աշխատանքները սկսվել են 2017թ.:
 Վանաձորի գյուղատնտեսական պետական քոլեջի վերակառուցման աշխատանքները(նախատեսվում է շահագործման հանձնել 2021թ. սեպտեմբեր ամսին): Ծրագիրն իրականացվում է պետբյուջեի ֆինանսավորմամբ: Ընդհանուր արժեքը 1.239 մլրդ դրամ է: Աշխատանքները սկսվել են 2017թ.:
Ընթացքի մեջ են գտնվում.
• Ստեփանավանի թիվ 3 դպրոցի կառուցման ծրագիրը: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի կողմից Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ: Ծրագրի արժեքը 1200.0 մլրդ դրամ:
• Վանաձորի թիվ 11 մանկապարտեզի 2-րդ մասնաշենքի վերակառուցումը: Ծրագիրն իրականացվում է ՀՏԶՀ-ի կողմից՝ 55 մլն դրամ ծրագրային արժեքով:
• Վանաձորի Րաֆֆու անվան թիվ 19 հիմնական դպրոցի մեկ մասնաշենքի վերակառուցումը` մանկապարտեզի: Ծրագիրն իրականացվում է ՀՏԶՀ-ի կողմից՝ 110. 237 մլն դրամ ծրագրային արժեքով:
• Ստեփանավանի Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի կառուցումը: Ծրագիրն իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատվիրատվությամբ՝ 285 մլն դրամ ծրագրային արժեքով: Աշխատանքներն ավարտական փուլում են:
• Լոռու մարզի գյուղական բնակավայրերում ապրող երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած 152 ընտանիք մինչև այս տարվա նոյեմբեր ամիս բնակելի տուն կունենա: Տների կառուցման համար կառավարությունը դեռ 2020 թվականին մարզին հատկացրեց 1 մլրդ 868 մլն դրամ: Ամեն ինչ հարթ ընթանալու դեպքում շինաշխատանքները կավարտեն ժամանակին, Լոռին առանց տնակների տեսնելու գաղափարն իրականություն կդառնա: Որպեսզի այլևս տնակներ չլինեն, իսկ նոր կառուցվող տները որակի հաշվին երկար ծառայեն, ծրագիրը շահառուներին թույլ է տալիս անձամբ մասնակցել շինարարությանը և դրա դիմաց նաև վարձատրություն ստանալ: Շինանյութի որակի և աշխատանքների տեմպի վերահսկողությունը խիստ է: Համապատասխան մասնագետները պարբերաբար այցելում են համայնքներ, հետևում շինարարության ընթացքին: Այս պահին 6 տան շինարարական աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են, 146 տան շինարարությունն էլ դեռևս ընթացքի մեջ է, շահագործման կհանձնվեն առաջիկայում:
• Վանաձորի Սանկտ Պետերբուրգի թաղամասի տնակային ավանի բնակիչներին քարե կացարաններով ապահովելու ծրագիր ևս իրականացվում է: Այստեղ ապրող 16 ընտանիք բնակարան կունենա առաջիկա 5 տարիների ընթացում: Ծրագիրն իրականացվում է «Առք» բարեգործական հիմնադրամի, «Ֆուլեր» տնաշինական կենտրոնի և Լոռու մարզպետարանի համագործակցությամբ՝ կնքված համաձայնագրի շրջանականերում: 16 ընտանիքի համար կառուցվող բնակարանների շինարարությունը ավարտին հասցնելու համար կներդրվի ընդհանուր շուրջ 220 մլն դրամ: Բնակարանի արժեքից 5 մլն դրամը շահառուներին կտրամադրվի անհատույց, իսկ գումարի մնացած մասը կվերադարձնեն անտոկոս փոխառության կարգով՝ բնակարանամուտից հետո՝ 10-15 տարվա ընթացքում: Սրանից զատ՝ նոր աշխատատեղեր կբացվեն, շին. աշխատանքնում ընդգրկվելու հնարավորություն կունենան հենց բնակարանի տերերը:
Սուբվենցիոն ծրագրեր
2021 թվականին Լոռու մարզի 39 համայնքներում նախատեսվել է թվով 121 ծրագիր՝ ընդհանուր մոտ 5.125 մլրդ դրամ արժեքով, որից պետական բյուջեի մասնաբաժինը՝ 2.646 մլրդ դրամ: (2020 թվականին 40 համայնքներում` թվով 97 ծրագիր՝ ընդհանուր մոտ 3.8 մլրդ դրամ, որից պետական բյուջեի մասնաբաժինը՝ 2.1 մլրդ դրամ: Վերոնշյալ ծրագրերից 9-ը տեղափոխվել է 2021 թվական:)
2021 թվականի սուբվենցիոն ծրագրերը նախատեսվում է իրականացնել հետևյալ ոլորտներում՝
1. Ասֆալտապատման և տուֆ քարով սալարկման՝ 38 ծրագիր:
2. Խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցման՝ 12 ծրագիր:
3. Ոռոգման համակարգերի կառուցման՝ 9 ծրագիր:
4. Լուսավորության համակարգերի կառուցման և ֆոտովոլտային կայանների տեղադրման՝ 15 ծրագիր:
5. Գազաֆիկացման՝ 2 ծրագիր:
6. Մանկապարտեզների հիմնանորոգման և անհրաժեշտ գույքի ձեռքբերման՝ 6 ծրագիր:
7. Համայնքային սեփականություն հանդիսացող հասարակական շենքերի՝ համայնքային կենտրոնների, մշակույթի տների, հանդիսությունների սրահների և մարզաառողջարանային կենտրոնի, կառուցման և հիմնանորոգման՝ 12 ծրագիր:
8. Բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային գույքի նորոգման՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ՝ 8 ծրագիր:
9. Այգիների, պուրակների, հրապարակների կառուցման և բարեկարգման՝ 5 ծրագիր:
10. Գյուղտեխնիկայի, հակակարկտային կայանների և գույքի ձեռքբերման՝ 10 ծրագիր:
11. Աղբավայրերի բարեկարգման/փակման՝ 1 ծրագիր:
12. Համայնքների գլխավոր հատակագծերի մշակման՝ 3 ծրագիր:

Ճանապարհաշինություն
2021թ-ին Լոռու մարզում նախատեսվում է իրականացնել 9.9 մլրդ դրամի աշխատանքներ, որից 4.7 մլրդ դրամ՝ պետ. բյուջեի ֆինանսավորմամբ, 5.2 մլրդ դրամ՝ Ասիական զարգացման և Եվրոպական ներդրումային բանկերի ֆինանսավարմամբ և պետության համաֆինանսավորմամբ:
Նշված միջոցներով նախատեսվում է հիմնանորոգել կամ վերանորոգել 87.2 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածներ, ինչպես նաև սուբվենցիոն ծարագրերի ներկայացված հայտերով նախատեսվում է վերանորոգել ներհամայնքային ճանապարհներ:
էներգետիկա
2021թ-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից մարզում նախատեսվում են միջին ճնշման ստորգետնյա գազատարի և մեկուսիչ շերտերի կապիտալ նորոգման, բնական գազի կենցաղային հաշվիչների, պաշտպանիչ արկղերի, ազդանշանային սարքերի և ինքնաշխատ վթարային անջատիչ կափույրների ձեռքբերման և տեղադրման աշխատանքներ՝ 933, 963.64 հազ. դրամ գումարով:
Ջրաշեն համայնքում համայնքային բյուջեի միջոցներով 700 հազ դրամ գումար ֆինանսավորմամբ նախատեսվում է գազաֆիկացնել համայնքի մանկապարտեզի շենքը:
«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից 2021թ-ին նախատեսված է ՎԶՄԲ աջակցությամբ իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի 110/10/6 կՎ «Վանաձոր-1» ենթակայանի վերակառուցման նախագծում, մատակարարում և տեղակայում, ինչպես նաև Էլեկտրական սարքավորումների և օդային գծերի շահագործման ու նորոգման աշխատանքներ՝ 448,696.82 հազ. դրամ:
«ՀԷՑ» ՓԲԸ-ի կողմից նախատեսված է օդային և մալուխային գծերի վերակառուցման և այլ աշխատանքներ՝ 886,587.67 հազ. դրամ:
Մարզի թվով 9 համայնքներում նախատեսվում է փողոցային լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ՝ 14,830.0 հազ. դրամ:
Ներկայում ընթացքի մեջ են նախապատրաստական աշխատանքները:
Ջրամատակարարում և ջրահեռացում
2021 թվականի մարտ ամսից մեկնարկել է Լոռու մարզում Հայ-Գերմանական համագործակցության ծրագրի շրջանակներում KFW բանկի ֆինանսավորմամբ նախատեսված` Վանաձորի 8-րդ ճնշումային գոտու բաշխիչ ցանցի վերակառուցման, և շրջակա 9 բնակավայրերում՝ Ամրակից, Անտառամուտ, Ձորագյուղ, Գուգարք, Հոբարձի, Վարդաբլուր, Կուրթան, Լեռնապատ, Վահագնի բաշխիչ ցանցերի, ՕԿՋ-ների և 3 գետային ջրընդունիչների վերակառուցման աշխատանքները 4.2 մլրդ դրամով: Լեռնապատ համայնքում աշխատանքներն ընթացքի մեջ են, իրականացվում են փորման աշխատանքներ:
Առողջապահություն
1. ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից մեկնարկել է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսավորվող «Առողջապահու¬թյան առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկողության կատարելագործում» դրամաշնորհային ծրագիրը, որի շրջանակներում Լոռիում մարզի Վանաձոր քաղաքում արդեն իսկ իրականացվում է կրծքագեղձի մամոգրաֆիկ սքրինինգային հետազոտություններ կանանց 50-69 տարիքային խմբում։ Առ 01.04. 2021թ. կատարվել է 1458 հետազոտություն:
2. ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ հաշմանդամություն ունեցող առողջարաններ ուղեգրման գործընթացը: 2021թ. 1-ին եռամսյակում Ջերմուկի «Արարատ» մոր և մանկան առողջարան են ուղեգրվել մինչև 18 տարեկան 12 հաշմանդամ երեխա և 12 խնամող:
3. Երկրում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված և ՀՀ Լոռու մարզում գործող 3 հիվանդանոցներ վերապրոֆիլավորվել են որպես COVID-19 կորոնավիրուսային վարակի բուժման հիվանդանոցների՝ «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն՝ 100 մահճակալ հզորությամբ, «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» ՊՓԲԸ-ն՝ 40 մահճակալ հզորությամբ և «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի 40 մահճակալ հզորությամբ բաժանմունք:
Հիվանդանոցները սպասարկում են ոչ միայն ՀՀ Լոռու մարզի, այլ նաև ողջ Հայաստանի Հանրապետության կորոնավիրուսով վարակված բնակչությանը:
4. Աշխարհում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի կանխարգելման գործընթացում առանցքային դեր ունի պատվաստանյութի կիրառումը: Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների գործընթացը՝ այդ թվում Լոռու մարզում:
5. 2021թ. 1-ին եռամսյակում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովվել է մարզի ամբուլատոր-պոլիկլինիկական ընկերություններում բնակչության անվճար բուժօգնությունը: Մարզում գործող 5 ուղեգրող հանձնաժողովների կողմից տրամադրվել են 86 ուղեգրեր՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերում չընդգրկված, սակայն անապահով վիճակում գտնվող անձանց բուժօգնություն ցուցաբերելու նպատակով:
5. Մարզային ենթակայության առողջապահական հաստատությունների տնօրենների մրցույթները իրականացվում են գործող կարգի համաձայն /ՀՀ կառավարության 07.07. 2011թ. թիվ 992-Ն որոշում/: «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի, «Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի և «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենների թափուր պաշտոնների համար հայտարարվել են մրցույթներ:
Սոցիալական ապահովություն
2021թ. առաջին 3 ամիսների ընթացքում միջինացված թվով նպաստառու է 12.776 ընտանիք: Մարզում 2021թ. հունվար-մարտ ամիսներին սոցիալական աջակցության տարածքային մարմինների (ՍԱՏՄ-ների) կողմից վճարվել է ավելի քան 1 մլրդ 58 մլն դրամ ընտանե¬կան նպաստ (ներառյալ՝ հրատապ օգնությունները):
01.04.2021թ. դրությամբ մարզն ունի ավելի քան 225 մլն դրամի տնտեսում: Սահմանված ժամկետում են իրականացվում ընտանեկան նպաստի վճարումները:
ՀՀ Լոռու մարզում 01.01.2021թ. դրությամբ կենսաթոշակ են ստանում 50.026 մարդ, հաշմանդամություն ունեն 16.386-ը, որից՝ առաջին խմբի հաշմանդամ են 733, երկրորդ խմբի՝ 6.079, երրորդ խմբի՝ 8.885, մանկուց հաշմանդա¬մություն ունի 689 երեխա:Սահմանված ժամկետում են իրականացվում կենսաթոշակների վճարումները:
Կրթություն,մշակույթ, սպորտ
Քանի որ 2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակում, համավարակով պայմանավորված, կրթությունը մեծամասամբ կազմակերպվեց հեռավար եղանակով, թվում էր, թե այն կանդրադառնա աշակերտների գիտելիքների վրա։ Սակայն պատկերն այլ է՝ 2020-2021 ուստարում դպրոցական առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում նախորդ տարվա համեմատ ունեցել ենք ավելի շատ մրցանակակիրներ։
ՀՀ Լոռու մարզն ունեցել է օլիմպիադաների հանրապետական փուլի 45 մրցանակակիր (նախորդ տարում` 33), որոնցից՝
• 1-ին կարգի դիպլոմ է ստացել 6 աշակերտ(նախորդ տարում` 5),
• 2-րդ կարգի դիպլոմ՝ 5 (նախորդ տարում` 6),
• 3-րդ կարգի դիպլոմ՝ 16 (նախորդ տարում` 8)
• գովասանագիր՝ 18 աշակերտ ( նախորդ տարում` 14):
2020-2021 ուստարվա օլիմպիադաների վերջնական արդյունքները կամփոփվեն 2021թ. մայիսի 15-16-ին կայանալիք ՆԶՊ առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլի ավարտից հետո:
• ՀՀ Լոռու մարզային ենթակայության դպրոցներում ուսումնական գործընթացը կազմակերպվում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոններին համապատասխան: Այդուհանդերձ երկրում մոլեգնող համաճարակի պայմաններում, իրավիճակից ելնելով, առանձին դպրոցներ անցում են կատարում հեռավար կրթության՝ մինչ իրավիճակի կայունացումը:
Ներկա դրությամբ Լոռու մարզային ենթակայության Վանաձորի Ղ.Ալիշանի անվան թիվ 27 հիմնական, Վանաձորի Ա.Պուշկինի անվան թիվ 4 հիմնական և Սպիտակի թիվ 8 հիմնական դպրոցներում իրականացվում է հեռավար ուսուցում:
ՀՀ Լոռու մարզային ենթակայության երեք դպրոցներում հեռավար կրթութուն է կազմակերպվել համաճարակից անկախ հանգամանքներով պայմանավորված՝ Ահնիձորի հիմնական դպրոցում սուր վարակային հիվանդության /ջրծաղիկ/ բռնկման պատճառով, իսկ Ալավերդու թիվ 10 և Ձորագետի/քարաթափում/ հիմնական դպրոցներում ֆորս մաժորային իրավիճակի առաջացման և առկա դասապրոցեսի իրականացման անհնարինության պատճառով:
Այս ընթացքում ամերիկայաբնակ հայ բարերար Աշոտ Սինդոյանի կողմից 27 դյուրակիր համակարգիչ է հատկացվել Կուրթանի միջնակարգ դպրոցին՝ 6-12-րդ դասարանների աշակերտներին՝ ուսումնառության ընթացքում օգտագործելու նպատակով։
• Իմ կողմից կայացված՝ 2021 թվականի թիվ 107-Ա որոշմամբ՝ ՀՀ Լոռու մարզպետարանին «Հանրակրթություն» ծրագրով նախատեսված գումարների շրջանակներում կատարվել է վերաբախշում և ֆինանսական վատ վիճակում գտնվող մարզային ենթակայության թվով 31 դպրոցի լրացուցիչ հատկացվել է 38.84 մլն դրամ: Դպրոցների խնայված ֆինանսական միջոցների հաշվին իրականացվող վերոնորոգման /մասնակի/ աշխատանքների համաձայնություն է տրվել թվով 10 դպրոցի /Վանաձորի թիվ 9, Դեբեդի, Ստեփանավանի թիվ 2, Ալավերդու թիվ 1 և թիվ 12, Աքորու, Արևածագի, Գյուլագարակի, Տաշիրի թիվ 2 և Սարատովկայի/:
• «Լիարժեք կյանք» ՀԿ-ի միջոցով մարզային ենթակայության թվով 5 (Ղուրսալի, Կուրթան, Ամրակից, Պուշկինո, Արջուտ) դպրոցի տրամադրվել է Նիդերլանդներից ներկրված դպրոցական գույք:
• Լոռու մարզային ենթակայության հանրակրթական դպրոցներից թվով 21 հաստատությունում իրականացվել է ներքին աուդիտ: Կատարված ստուգումների արդյունքները քննարկվել են Լոռու մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նիստում, արդյունքում 2 ուսումնական հաստատության տնօրենի նկատմամբ կիրառվել է «նկատողություն» կարգապահական տույժը: Դպրոցների տնօրեններին տրվել է հանձնարարական սահմանված ժամկետում վերացնել արձանագրված թերությունները:
• ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային ծրագրի հետ համագործակցությամբ այս տարի իրականացվում են հետևյալ ծրագրերը.
1. Ինտենսիվ պտղատու և հատապտղային այգիների հիմնում՝ 8 դպրոցներում
2. Բարձր տեխնոլոգիաների ջերմոցների կառուցում՝ 6 դպրոցներում
3. Արևային կայանների տեղադրում՝ 17 դպրոցներում
4. Չափագրումների և շինանյութերի հաշվարկման գործընթացը դպրոցների խոհանոցների, ճաշարանների և սննդի պահեստների վերանորոգման և խոհանոցային բարձրարժեք սարքավորումների տրամադրում 75 դպրոցներում:
Մշակույթի և սպորտի բնագավառում ևս մի շարք կարևոր միջոցառումներ ենք իրականացրել, որոնք լուսաբանվել են մարզպետարանի պաշտոնական կայքէջում, ֆեյսբուքյան էջում և Լոռու մարզ թերթում և տեղակալ լրատվամիջոցներով:
Գյուղատնտեսություն
1. Մարզում ընթացքի մեջ է գարնանացանի աշխատանքները, որը մարզում իրականացվում է մեծ ինտենսիվությամբ: 21.04.2021թ. դրությամբ մարզի գարնանացանը կազմել է 3450 հա:
2. Լոռի ՋՕԸ-ի կողմից մարզում իրականացվում են մայր ջրանցքների մաքրման աշխատանքներ, ոռոգման սեզոնին պատրաստ լինելու համար:
3. Համաձայն ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N 176-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի շրջանակներում՝ ընթացքի մեջ է Լոռու մարզի հողօգտագործողներին 50 տոկոս սուբսիդավորմամբ 10 տեսակի սերմացուների բաշխման գործընթացը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված 18 մատակարարների միջոցով:
4. Ընթացքի մեջ է մարզում պարարտանյութերի բաշխման աշխատանքները, 21.04.2021 թ. դրությամբ Սապսան Թրեյդ ՍՊԸ-ի կողմից մարզի 37 համայնքի բաշխվել է 460 տոննա ազոտական պարարտանյութ:
5. Տաշիր համայնքում գործող <<Բոզոյան>> ՍՊԸ-ի կողմից իրականացվել է նորաստեղծ խոզաբուծական տնտեսությունը սարքավորումներով կահավորման աշխատանքներ: Ս.թ. մայիս ամսին կգործարկվի արտադրությունը, կստեղծվի շուրջ 30 աշխատատեղեր:
6. Թումանյան համայնքի Լորուտ բնակավայրում հիմնվել է և ս.թ. մայիս ամսին կգործարկվի կաթի վերամշակման արտադրամաս՝ օրական 2.5 տոննա կաթի մթերման հզորությամբ:
7. Լոռի Բերդ համայնքի Բովաձոր վարչական տարածքում հիմնվել է գոմեշաբուծական տնտեսություն:
8. Ստեփանավան համայնքում հիմնվել է 50 գլուխ տարողությամբ խոզաբուծական տնտեսություն:
9. Ընթացքի մեջ են Թումանյան համայնքի Լորուտ բնակավայրում կառուցվող խոշոր և մանր եղջերավոր կենդանիների և խոզերի սպանդի համար նախատեված սպանդանոցի կառուցման աշխատանքները:
Բնապահպանություն
«10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում Լոռու մարզի Վանաձորի անտառտնտեսության տարածքում և մարզի խոշոր համայնքներում 2021 թվականի ապրիլի 25-ին իրականացվել են լայնամաշտաբ անտառտնկման և կանաչապատման աշխատանքներ։
Թեղուտի անտառվերականգնման ծրագրի շրջանակներում Շնող համայնքում հիմնվել է 76.2 հա պտղատու այգի: Այս տարի ևս կիրականացվի շուրջ 30 հա պտղատու այգիների հիմնում, որի արժեքը կկազմի 60 մլն. դրամ:
Լոռու մարզի վնասակար ազդեցության ենթարկվող համայնքներին 2021թ. համար ՀՀ պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 451 մլն. 365 հազ դրամ, համապատասխանաբար.
 Ալավերդի - 370 994.0 հազ. դրամ,
 Օձուն - 76 522.5 հազ. դրամ,
 Ախթալա - 3 848.6 հազ. դրամ:
Ախթալա համայնքը նախատեսում է իրականացնել Շամլուղ բնակավայրի զբոսայգու վերակառուցման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 17 մլն. դրամ:
«Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամը մարզում 42 հա տարածքի վրա իրականացնում է անտառվերականգնման աշխատանքներ, ծրագրի արժեքը շուրջ 15 մլն. դրամ է, ինչպես նաև իրականացնում է նախկինում հիմնված շուրջ 88 հա անտառտմշակույթների լրացման և խնամքի աշխատանքներ:
«Մայ Ֆորեստ Արմենիա» բարեգործական բնապահպանական ՀԿ-ն Ջրաշեն և Շիրակամուտ համայնքներում նույնպես սկսել է իրականացնել անտառի հիմնման աշխատանքներ։

Զարգացման ծրագրեր, զբոսաշրջություն և վերլուծություն
 Պետական աջակցությամբ իրականացվող ծրագրեր.
«Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման» ծրագրի համաձայն 2021 թ. ՀՀ Լոռու մարզին հատկացվող ֆինանսական միջոցների չափը կազմել է 21707.3 հազ. ՀՀ դրամ՝ 86 ծրագրի համար:
 Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի Սոցիալական Ներդրումների և Տեղական Զարգացման ծրագրի շրջանակներում մեկնարկվել է Լերմոնտովո համայնքում տնտեսական զարգացման ենթածրագիր։ Համայնքի բնակիչների անմիջական մասնակցությամբ կձևավորվի ծրագրային առաջարկը:
 Միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրեր
ԵՄ ֆինանսավորմամբ Լոռու մարզում մեկնարկել է 2 խոշոր ծրագիր.
• «Տեղական դերակատարների զորեղացում հանուն Լոռու և Տավուշի մարզերի զարգացման» ծրագիրը, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից:
• «ԴԱՇԻՆՔ՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագիրն ուղղված է Վանաձոր և Գյումրի համայնքների քաղաքային կայուն համակառավարման քաղաքականության ու գործիքների բարելավմանը, ավելի մաքուր շրջակա միջավայր ստեղծելու և բարելավված քաղաքային կառավարում ապահովելու գործում՝ ներդնելով կանաչ հանրային տրանսպորտի կիրառման և պլաստիկ թափոնների վերամշակման պրակտիկա:

 

Արտաքին կապերի բնագավառ
Ինտենսիվորեն վերականգնվում և ակտիվանում են Լոռու մարզի հետ համագործակցությունը Ֆրանսիայի ՊԱԿԱ, Բելառուսի Վիտեբսկ, Չինաստանի Շանսի, Վրաստանի Աջարիա տարածաշրջանների հետ։
Ծրագրային առաջարկներ են ուղարկվել ՏԿԵՆ՝ Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ շրջանների միջև համագործակցության վերաբերյալ, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող հայ-վրացական, հայ-հնդկական, հայ-բելառուսական, հայ-չինական միջկառավարական հանձնաժողովներին առաջադրելու համար։
Նոր գործնական առաջարկներ ենք ստացել Չեխիայի Զլինի երկրամասից՝ համատեղ ձեռնարկություններ հիմնելու համար, որին, ի պատասխան, չեխական կողմին է ուղարկվել Լոռու մարզի ընկերությունների դրական արձագանքը։ Ձեռնարկվում են միջոցներ Իտալիայի Լոմբարդիա նահանգի հետ համագործակցություն սկսելու ուղղությամբ։
Զբոսաշրջության բնագավառ
• Զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքականության մշակման աշխատանքներով պայմանավորված՝ նախաձեռնություն է ցուցաբերվել Լոռու մարզի զբոսաշրջության զարգացման ռազմավարության մշակման:
• Մշակվում է Լոռու տուրիզմի զարգացման հիմնադրամի Թումանյան աշխարհ զբոսաշրջային կենտրոնի հետագա գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու ծրագիրը։
• ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի կողմից նախաձեռնվել է Երևանի կենտրոնում մայիսին կազմակերպել Հայաստանի զբոսաշրջության ներուժը ներքին ցուցահանդեսը, որին Լոռու մարզը կներկայանա զբոսաշրջության իր բոլոր գրավչություններով։
Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառ
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն իր կրթական ծրագրերն է տարածում ամբողջ Հայաստանում, այդ թվում ցանկություն է հայտնել իրականացնել նաև Լոռիում։ Այս պահին ընթանում են աշխատանքներ Վանաձոր համայնքում կենտրոնին տարածք տրամարդելու ուղղությամբ, նախատեսվում է մարզի 12 այլ համայնքներում տեղադրել ԹՈՒՄՈ տուփեր։
Հողաշինության և հողօգտագործման
2021թ. չորս ամիսների ընթացքում ոլորտի հիմնական ձեռքբերումներից է հողերի օգտագործման ժանամակավոր սխեմաների համաձայնեցման մրջգերատեսչական հանձնաժողովի կողմից ստացված դրական եզրակացությունները: Համեմատական կարգով նշեմ, որ 2020 թ. ամբողջ տարվա տնթացքում միջգերատեսչական հանձնաժողովից ստացվել է 10 դրական եզրակացություն, իսկ 2021 թ. չորս ամիսներին` 12 դրական եզրակացություն, որոնց արդյունքում, որպես նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերություններ, համայնքների բյուջեներ է մուտքագրվել՝ մոտ 35 մլն դրամ: Ուզում եմ տեղեկացնել, որ Գյուլագարակ և Ղուրսալ համայնքների հողերի նպատակային նշանակությունը փոփոխված հողամասերում նախատեսվում է իրականացնել մեծածավալ ներդրումներ, մասնավորոպես հյուրանոցային և հանգստի համալիրների կառուցում:
Բաժինը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում հողաշինության ոլորտին վերաբերող համայնքի ղեկավարների և ավագանու կողմից կայացվող որոշումների օրինականությունը և իրավաչափությունը:
Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքներ
• Խնամատար ընտանիքներում խնամք և դաստիարակություն ստացող երեխաների թիվն աճել է: Ներկայում մարզի 9 համայնքների 24 խնամատար ընտանիքներում խնամվում է 33 կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխա, ինչը կազմում է ՀՀ-ում խնամատար ընտանիքներում խնամվող երեխաների ընդհանուր թվի շուրջ 43 տոկոսը:
• Վերջին 4 ամիսների ընթացքում ևս 7 ընտանիք դիմել է խնամատաություն իրականացնելու ցանկությամբ:

Ֆինանսական բնագավառ
2021 թվականի ապրիլի 1-ի դրությամբ համայնքային բյուջեների եկամուտների ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է կազմելով 113.2%, կամ եկամուտները ավելացել է 264.5 մլն. դրամով: Մարզի համայնքների բյուջեներով 2021թ. հաշվետու ժամանակաշրջանի պլանի նկատմամբ կատարողականը կազմել է 86.4 տոկոս, կամ նախատեսված 3 ամսվա 2633.2 մլն. դրամ պլանի դիմաց հավաքագրվել է 2275.4 մլն. դրամ:
Համայնքների սեփական եկամուտների հավաքագրումը հաշվետու ժամանակաշրջանի 587.1 մլն. դրամ պլանի դիմաց կազմել է 592.3 մլն. դրամ, կատարողականը կազմել է 100.9 տոկոս, աճը 2020թ-ի նկատմամբ կազմել է 107.8 տոկոս, կամ նախորդ տարվա նկատմամբ ավել է հավաքագրվել 42.6 մլն. դրամ:
Սուբվենցիաների հատկացման համամասնության մեխանիզմի կիրառումը համայնքների զարգացմանն ուղղված գործընթացներին նոր տեմպ է հաղորդել, որի արդյունքում համայնքների բյուջեների տնտեսված միջոցները սկսել են ավելի արդյունավետ օգտագործվել, քանի որ համայնքը, իր սուղ միջոցները ներդնելով, համայնքային ծրագրերի իրականացմանը պետությունից ստանում է աջակցություն և սեփական քիչ միջոցների արդյունավետ կառավարում է իրականացնում ի շահ համայնքի:
Տեղական ինքնակառավարման բնագավառ
Համայնքապետարանների աշխատակազմերի համայնքային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հայտարարվել են (21.04.2021թ. դրությամբ) 59 մրցույթներ, որոնցից կայացել են 30-ը: Մրցույթներին մասնակցելու համար դիմել են 54 քաղաքացիներ, մրցույթներին մասնակցել են 48-ը: Մրցույթների արդյունքում հաղթող ճանաչվել և թափուր պաշտոններում նշանակել են 28-ը:
Անձնակազմի կառավարում
2021թ-ի առաջին չորս ամիսների ընթացկում հայտարարվել է թափուր պաշտոնների համար 13 մրցույթ: Ավարտված 6 մրցույթի արդյունքով պաշտոնի են նշանակվել 3 քաղաքացիական ծառայողներ՝ Վարչատնտեսական բաժնի պետ, Քարտուղարության ընդհանուր բաժնի պետ, Հողաշինության և հողօգտագործման բաժնի ավագ մասնագետ:
Երեք մրցույթներում հաղթողներ չեն ճանաչվել՝ Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ, Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ, Զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ: Յոթ մրցույթներ ընթացքի մեջ են:
Մարզի ղեկավարը պատասխանեց նաև լրագրողների հարցերին:
Լրագրողների՝ Լոռու մարզի տարածքում հանքի շահագործման նպատակով հետազոտական աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ՝ վերջերս շրջանառվող հարցին ի պատասխան մարզպետը նշեց, որ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի հետ հանդիպման ընթացքում բնապահպանական շարժման ներկայացուցիչներին առաջարկվել է մոտ օրերս աշխատանքային քննարկում կազմակերպել և համակողմանիորեն վերլուծել խնդրի հետ կապված բոլոր մանրամասները:
-Մենք պետք է կարողանանք հակակշռել հանքի շահագործման դեպքում դրական և բացասական ազդեցությունները: Մի բան, սակայն, հստակ է՝ մեզ համար գերակա ու կարևոր է հանրային շահը:
Ինչպե՞ս եք գնահատում ձեր քաղաքական թիմի շանսերն առաջիկա ընտրություններում՝ հարցին մարզի ղեկավարը պատասխանեց, որ վստահ է. իշխող քաղաքական ուժը այս համապետական ընտրություններում ևս արժանանալու է ժողովրդի բացարձակ վստահությանը:
Համավարակով պայմանավորված՝ ի թիվս Վանաձորի բժշկական կենտրոնի և Սպիտակի բժշկական կենտրոնի Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը ևս վերապրոֆիլավորելու անհարժեշտության վերաբերյալ «Լոռու մարզ» թերթի խմբագիր Մանվել Միկոյանի հարցին՝ Ա. Խաչատրյանը պատասխանեց.
-Ներկա դրությամբ հիվանդության նվազման միտումներ են նկատվել: Դրա անհրաժեշտությունն առաջանալու դեպքում մարզպետարանը կրկին գրությամբ կդիմի ՀՀ առողջապահության նախարարությանը:
Խմբագրի՝ Վանաձորի մի շարք զբոսայգիների՝ վարձակալության իրավունքով տարբեր անհատների տրամադրված առանձին հատվածների անբարեկարգ լինելու մտահոգությանն ի պատասխան՝ մարզպետը նշեց. խնդիրը, թեև համայնքապետարանի տիրույթում է, և գործուն քայլեր պետք է ձեռնարկվեն հենց ՏԻՄ մակարդակով, այնուամենայնիվ հարցը մտահոգիչ է և մարզպետարանն իր իրավասությունների սահմաններում հետևողական է լինում խնդրի կարգավորման հարցում:
Մարզպետը պատասխանեց լրագրողների մի շարք այլ հարցերի ևս՝ կապված առաջիկայում սպասվող համապետական և մարզի մի շարք համայնքներում սպասվող ՏԻՄ ընտրությունների, մարզպետարանում տեղի ունեցած կադրային փոփոխությունների և այլնի հետ, որոնց ևս տրվեցին սպառիչ պատասխաններ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:17:21