Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը շնորհակալագրերով պարգևատրեց Աննա Հովհաննիսյանին և Հարություն Գյուլզադյանին
27.04.2021
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և հաջորդող օրերին Լոռու մարզում մի խումբ հայորդիներ ինքանբուխ կերպով լծվեցին զինվորներին, բանակին, ինչպես նաև մարզում ապաստան գտած արցախցիներին աջակցելու գործին՝ շարունակելով իրենց բարեգործությունները մինչ օրս: Հայրենիքի երկու նվիրյալների այսօր շնորհակալագրերով պարգևատրեց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը:
Աննա Հովհաննիսյանը պարգևատրվեց Արցախյան պատերազմի ընթացքում և պատերազմից հետո Լոռու մարզում հայրենանվեր ծրագրեր իրականացնելու, հայրենիքը պաշտպանելիս վիրավորված զինծառայողներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նախաձեռնության և իրականացման համար, «Հայեր միացեք» նախաձեռնության ներկայացուցիչ Հարություն Գյուլզադյանը՝ Արցախյան պատերազմի ընթացքում հայրենանվեր ծրագրեր իրականացնելու և արցախահայությանն աջակցելու համար:
Մարզի ղեկավարն իր խորին երախտագիտությունը հայտնեց Աննա Հովհաննիսյանին և Հարություն Գյուլզադյանին:
-Ձեր անշահախնդիր ջանքերն, օգտակար լինելու մեր բանակին, զինվորներին, մեր հայրենիքին, չափազանց բարձր եմ գնահատում: Ես սա դիտարկում եմ որպես իրական հայրենասիրություն, ինչի համար ինձ իրավունք եմ վերապահում ձեզ շնորհակալ լինելու բոլոր լոռեցիների անունից,-ասաց Ա. Խաչատրյանը:
Հյուրերն իրենց հերթին մարզի ղեկավարին շնորհակալություն հայտնեցին գնահատանքի խոսքերի համար և վստահեցրեցին՝ հայրենանվեր ծրագրեր են իրականացնում առանց որևէ ակնկալիքի, այսուհետ ևս պատրաստ են օգտակար լինելու սիրելի մարզին ու մարզի բնակիչներին, բայց արդեն խաղաղության պայմաններում՝ հանուն մարզի զարգացման: