Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այցելեց «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ. գազաբալոնների առաջին խոշոր խմբաքանակը օրերս կարտահանվի ՌԴ

21.04.2021

Լոռու մարզի Դարպաս համայնքում գործող «ՌՍՎ» հայ-իրանական կոմպոզիտային բալոնների (գազաբալոնների) արտադրության գործարանն առաջին խոշոր խմբաքանակը առաջիկա 2 օրերին կուղարկի Մոսկվա: Ռուսական խոշոր ընկերություններից մեկի հետ կնքված պայմանագրի համաձայն՝ արտահանումները այսուհետ կկրեն պարբերական բնույթ՝ ապահովելով գազաբալոնների նույն խմբաքանակով արտահանումն ամսական մեկ անգամ:
Լոռու մարզպետը այսօր այցելեց գործարան: Համասեփականատեր Արայիկ Ասրյանի ուղեկցությամբ մարզպետը շրջեց արտադրության տարածքում, ծանոթացավ աշխատանքների կազմակերպմանն ու արտադրության ծավալների տեմպին: Արայիկ Ասրյանի ներկայացմամբ՝ համավարակով և պատերազմով պայմանավորված՝ երկար ժամանակ մեծ ծավալով աշխատելու հնարավորություն չունեին, սկզբնական շրջանում աշխատակիցների թիվը զգալի պակասել էր, սակայն այսօր տեմպը փորձում են վերականգնել և նոր թափ հաղորդել գործարանի աշխատանքին: Այս պահին շուրջ 15 աշխատակից ունեն, որոնց թիվը, ինչպես մարզպետին վստահեցրեց Արայիկ Ասրյանը, մինչև սեպտեմբեր ամիս կդարձնեն 40 և ավելի:
Մարզի ղեկավարը հույս հայտնեց, որ գործարանը կկարողանա սպասելիքներն արդարացնել և՛ աշխատակիցների թվի, և՛ արտադրության ծավալների ավելացման առումով:
-ՀՀ կառավարության և Լոռու մարզպետարանի որդեգրած քաղաքականությունն է աջակցել բոլոր այն ներդումային ծրագրերին, որոնք կնպաստեն մարզի զարգացմանը, նոր աշխատատեղեր հիմնելու հնարավորություն կընձեռեն,-ասաց Ա. Խաչատրյանը:
Գործարանում արտադրվում են հեղուկ և բնական գազերի համար նախատեսված գազաբալոններ, հումքը ներկրվում է արտասահմանից, օգտագործում են ապակու և կարբոնի մանրաթել: Մետաղական բալոնների համեմատ՝ դրանք մի քանի անգամ ավելի թեթև են և պայթյունավտանգ չեն: Համասեփականատիրոջ խոսքով՝ առավելագույն լարվածությամբ աշխատելու դեպքում ամսական կկարողանան արտահանել մինչև 3000 խմբաքանակ:
Շուկայում այս պահին փոքր տեղ են զբաղեցնում, սակայն սարքավորումների և մարդկային ռեսուրսների ավելացումը թույլ կտա արտադրողականությունը, հետևապես նաև՝ սպառման շուկան մեծացնել: Քիչ քանակությամբ արտադրում են նաև մեթանի, թթվածնի, պրոպանի համար նախատեսված բալոններ, բայց այս պահին պայմանագրային պարտավորություն ունեն և առաջնությունը տվել են կենցաղային գազաբալոններին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 14:29:36