Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզի ղեկավարը երեխաներին հորդորեց լավ սովորել, որպեսզի երկրի ապագան, շնորհիվ մասնագիտական բարձր որակներ, մարդկային արժեքներ ունեցող պայծառ երիտասարդների, լինի հուսալի ձեռքերում
20.04.2021
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր հյուրընկալեց «Կյանքի հիմնարար հմտություններ դեռահասների համար ծրագրի» Վանաձորի խմբի մասնակիցներին, ովքեր օրեր առաջ ցանկություն էին հայտնել մարզի ղեկավարին ներկայացնելու ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները և ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը:
Մարզի ղեկավարին շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝
ծրագրի ղեկավար Գայանե Առաքելյանը և ներկայացուցիչ Լիլիթ Սինդոյանը ամփոփ կերպով ներկայացրեցին ծրագրի նպատակը և մինչ օրս իրականացված աշխատանքները: «Կյանքի հիմնարար հմտություններ դեռահասների համար» ծրագիրն իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի կողմից։ Այն մեկնարկել է 2020թ. դեկտեմբերին և կշարունակվի մինչև այս տարվա մայիս:
Ծրագրի նպատակն է կյանքի հիմնարար հմտություններով զինել 13-18 տարեկան պատանիներին, ինչը կօգնի նրանց անձնական ու մասնագիտական կյանքում հաջողությունների հասնել, ինչպես նաև բարձրացնել պատանիների քաղաքացիական ակտիվությունը՝ վերջիններիս ներգրավելով իրենց համայնքների կյանքի որակի բարելավմանն ուղղված գործընթացներում:
Ծրագրում ներգրավված է 150 դեռահաս Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերից: Ձևավորված 6 առանձին խմբերից 2-ը(յուրաքանչյուրում 25-ական մասնակից) Լոռու մարզից են՝ Վանաձորից և Սպիտակից:
Երեխաներն իրենց հերթին ներկայացրեցին Վանաձոր քաղաքում իրականացված, համայնքային կյանքի ակտիվացմանն ուղղված 4 նախաձեռնությունները, խոսեցին իրենց կողմից ձեռքբերված հմությունների և գիտելիքների մասին:
Ա. Խաչատրյանը, ողջունելով երեխաների ակտիվությունը և նախաձեռնողականությունը, նշեց, որ պատրաստ է աջակցելու նրանց հետաքրքիր գաղափարների կյանքի կոչման հարցում:
Մարզի ղեկավարը երեխաների հորդորեց նաև լավ սովորել, որպեսզի երկրի ապագան շնորհիվ կրթյալ և մասնագիտական բարձր որակներ, մարդկային բարձր արժեքներ ունեցող պայծառ երիտասարդների, լինի հուսալի ձեռքերում:
Պատանիներն ու աղջիկները մարզպետին նաև հարցեր ուղղելու հնարավորություն ունեցան: