Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկ օրում Լոռու մարզում քովիդով հիվանդների թիվն ավելացել է 50-ով, արձանագրվել է 6 մահ. Խորհրդակցություն մարզպետարանում
08.04.2021
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանի, վարչության մասնագետների, մարզի առողջապահական հիմնարկների տնօրենների մասնակցությամբ: Օգտվելով առիթից՝ նա նախ շնորհավորեց ներկա կանանց ապրիլի 7-ի՝ մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:
Խորհրդակցության հրավիրման հրատապ նպատակը Լոռու մարզում կորոնավիրուսային վարակի դեմ տարվող պայքարին, հիվանդների բուժսպասարկման հետ կապված աշխատանքներին, առկա խնդիրներին առնչվող, ինչպես նաև պլանային պատվաստումներին, սքրինինգային հետազոտություններին և աշխատանքային կարգապահությանն առնչվող մի շարք հարցերի քննարկումն էր:
Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարին՝ մարզի ղեկավարը հատկապես կարևորեց կանխարգելիչ միջոցառումների իրականացումը, զգոնության կոչերն՝ ուղղված ազգաբնակչությանը՝ համաճարակային կանոնների խստագույնս պահպանման նպատակով: Ինչպես հայտնի է, Լոռու մարզում կորոնավիրուսով հիվանդների բուժում են իրականացնում Սպիտակի բժշկական կենտրոնը՝ 100 մահճակալ-տեղով և Վանաձորի բժշկական կնետրոնը՝ 40 մահճակալ-տեղով, մինչդեռ հաճախ ընդունում են շատ ավելի հիվանդներ, քան նախատեսված է:
Հատկապես անհանգստացնող են եղել ապրիլի 7-ի դրությամբ արձանագրված տվյալները՝ մեկ օրում հիվանդների թիվն ավելացել է 50-ով, արձանագրվել է 6 մահ:
Բուժհաստատությունների տնօրենները, հիվանդների մեծ հոսքով պայմանավորված, բարձրացրեցին մի շարք խնդիրներ: Ստեղծված ցանկացած իրավիճակում մարզի ղեկավարը կարևորեց հիվանդներին համակողմանի աջակցություն ցուցաբերելը:
Խորհրդակցության շրջանակներում անդրադարձ կատարվեց նաև համաբուժարանների կողմից կատարվող պլանային պատվաստումներին՝ նշելով, որ առկա ցուցանիշներն այնքան էլ չեն գոհացնում: Տեղեկացվեց նաև, որ Լոռու մարզին առաջիկայում կտրամադրվի որոշակի քանակությամբ քովիդի պատվաստանյութ, որոնք բուժհիմնարկներին կբաշխվեն համամասնորեն:
Ինչ վերաբերվում է սքրինգային հետազոտություններին, ապա ցուցանիշները դարձյալ չեն գոհացնում: Առաջնային օղակի բուժհաստատություններին հանձնարարվեց առավել հետևողականություն ցուցաբերել այս հարցում:
Ա. Խաչատրյանն առանձնակի կարևորեց առողջապահական հիմնարկներում բարոյահոգեբանական մթնոլորտի պահպանումը, հիվանդների նկատմամբ հոգատարությունը և աշխատանքային կարգապահությանն առնչվող հարցերը:
-Յուրաքանչյուր հիվանդ, բուժհաստատություն մտնելով, պետք է արժանանա սրտացավ վերաբերմունքի՝ ցանկացած պարագայում ստանալով հոգատար վերաբերմունք և պրոֆեսիոնալ բուժսպասարկում,-ասաց մարզպետը:
Քննարկվեցին ոլորտային մի շարք այլ հարցեր ևս, տրվեցին հանձնարարականներ: