Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«DigiCode 2021» 6-րդ ամենամյա մրցույթի Լոռու մարզային փուլի եզրափակչում հաղթող ճանաչվեցին լավագույննները
05.04.2021
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախաձեռնությամբ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կայացավ DigiCode 2021 կիրառական ծրագրավորման Լոռու մարզային պատանեկան մրցույթի եզրափակիչը, որին ներկա էին նաև մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի պաշտոնյաներ։ Լոռու մարզպետարանը հանդես էր գալիս որպես միջոցառման գործընկեր:
Այս փուլին մարզից ներկայացվել էր մասնակցության 186 հայտ։ Թիմերից 42-ը հնարավորություն ստացան ներկայացնելու իրենց աշխատանքները ապրիլի 3-ին, իսկ 23 աշակերտ տեղում մասնակցեց «Կրիայ օլիմպիադա» մրցույթին:
8 անվանակարգերում հաղթողներ ճանաչվեցին Քնար Վարդանյանը Ղուրսալուի միջնակարգ դպրոցից («Լավագույն խաղ», մինչև 13 տ.), Արթուր Ղազարյանը Վանաձորի թիվ 24 հիմնական դպրոցից («Լավագույն խաղ», 13 տ. բարձր), Արամե Դունամալյանն ու Հովհաննես Կարապետյանը Շենավանի միջնակարգ դպրոցից («Լավագույն ինտերակտիվ անիմացիա», մինչև 13 տ.), Տաթևիկ Իսրայելյանը Ախթալայի թիվ 1 միջնակարգ դպրոցից («Լավագույն ինտերակտիվ անիմացիա», 13 տ. բարձր), Արմաիդա Հովակիմյանը Վանաձորի թիվ 2 հիմնական դպրոցից («Լավագույն գծագրություն և դիզայն»), Արեն Աբրահամյանն ու Աշոտ Մովսիսյանը Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցից («Python ծրագրով սարքերի ինտեգրում»)։
«Կրիայ» ծրագրով լավագույն ալգորիթմական լուծում օլիմպիադիայում հաղթել են Բորիկ Գրիգորյանը (Վանաձորի թիվ 5 ավագ դպրոց, մինչև 13 տ.), Վահե Զալինյանն ու Հովիկ Մարտիրոսյանը (Վանաձորի թիվ 2 դպրոց, 13 տ. բարձր)։ Հաղթողների համար խրախուսական մրցանակներ էր պատրաստել Լոռու մարզպետարանը, որոնք անձամբ հանձնեց Գոռ Ասրյանը՝ շնորհավորելով նրանց մարզպետ Արամ Խաչատրյանի և իր անունից և հույս հայտնելով, որ փայլուն արդյունքներ կգրանցվեն նաև հանրապետական փուլում։
Մարզային փուլերի հաղթողները հնարավորություն կստանան մասնակցելու մայիսին կայանալիք «DigiCode 2021» հանրապետական մրցույթին, որի շրջանակներում ՀՀ բոլոր մարզերի դպրոցականները կներկայացնեն իրենց ստեղծած ծրագրերը և լավագույնները կարժանանան մրցանակների։ «DigiCode 2021» մրցույթի հանրապետական փուլը տեղի կունենա մայիսի 8-ին։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 23-ը։
«Դիջիկոդ» մրցույթն ԱՏՁՄ ամենամյա միջոցառումներից է, որի հիմնական նպատակներն են խրախուսել և զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի և բացահայտել տաղանդավոր պատանիներին՝ նրանց հնարավորություն տալով զարգացնել ստեղծագործական ունակությունները։