Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Դեպի անմահություն տանող ճանապարհը փշոտ է, բայց սխրանքներն են ապրեցնում սերունդներին ու ստիպում սիրել այս մի բուռ հայրենիքի ամե՛ն մի թիզ հողը. Ա. Խաչատրյան
29.03.2021
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, փոխմարզպետ Գոռ Ասրյանը, Մեծավան համայնքի ղեկավար Արման Վարդանյանը, մի խումբ պաշտոնյաներ, մարզաշխարհի ու հոգևոր դասի ներկայացուցիչներ ներկա գտնվեցին արցախյան պատերազմում հերոսաբար զոհված Սևակ Սերոբյանի հիշատակին նվիրված ուժային եռամարտի առաջնությանը:
Հայաստանի «Կյոկուշին կան կարատե դո» ֆեդերացիայի նախագահ Սևակ Սերոբյանը հայրենիքի համար իր կյանքը նվիրաբերած հերոսներից է, ով կամավոր մեկնեց առաջնագիծ՝ օրինակ դառնալով շատերի համար:
Միջոցառումը մեկնարկեց Սևակի շիրիմին այցելությամբ: Ներկաները հարգանքի տուրք մատուցեցին, ծաղիկներ խոնարհեցին ու խնկարկեցին անմահ հերոսի հոգու հանգստության համար: Մեծավանի մշակույթի պալատում արդեն տրվեց միջոցառման մեկնարկը. մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցելուց հետո ներկաները չդադարող ծափերով վերահաստատեցին Սևակի ու անմահացած մեր բոլո՛ր հերոսների հարատև ներկայությունը:
-Ուզում եմ գլուխ խոնարհել Սևակի ծնողների, կնոջ, զավակների առջև, գլուխ խոնարհել մեր բոլո՛ր հերոս նահատակների առջև: Մենք հավերժ պարտք ենք ձեզ, և կարծում եմ՝ այդ պարտքը մարելու միայն մեկ տարբերակ կա՝ մեր ապրած կյանքով արժանի պիտի լինենք ձեր սխրանքին և այս սուրբ հողին,- նշեց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը՝ խոսելով նաև Սևակի մարդկային ու մասնագիտական բարձր որակների մասին:
Մարզպետը պարգևատրեց ՀՀ Ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանին, գլխավոր մրցավար Արտյոմ Սոլոյանին և բարերար Սարմեն Աթանյանին, ծաղկեփնջեր և դրամական աջակցություն հանձնեց երկու զոհված հերոսների՝ Սևակ Սերոբյանի և Արտակ Պետրոսյանի մայրերին:
Օրհնանքի խոսքով հանդես եկավ Տեր Ներսես Գալստյանը, որին հաջորդեց Գագիկ Սարոյանի ելույթը. այն կրկին նվիրված էր անմահ հերոսին: Գ. Սարոյանը նաև շնորհակալագրեր հանձնեց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանին. դե իսկ Սևակ Սերոբյանի հետմահու պարգևատրումները ստանալու պատիվը որդունը՝ Լևոնինն էր, ով հանդիսավոր խոստացավ՝ պատվո՛վ է շարունակելու հոր կիսատ թողած գործը:
Միջոցառման ընթացքում Սևակի սաները հանդես եկան ցուցադրական ելույթներով, հնչեցին նաև երաժշտական կատարումներ: