Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ԼՈՌՒ ֊ՓԱՄԲԱԿԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
29.03.2021
Մարտի 27-ին, Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանի հյուրընկալ հարկի տակ կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված Թատրոնի միջազգային օրվան և թատրոնի հիմնադրման 90-ամյա հոբելյանին: Ներկա էր Լոռու մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի ավագ մասնագետ Մանուշակ Քոչարյանը, Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանը, թատրոնի վաստակաշատ դերասաններ և աշխատակիցներ: Թանգարանի տնօրեն Արմինե Ավդալյանը ողջունեց ներկաներին և շնորհավորանքի խոսքեր ուղղեց թատրոնի հիմնադրման 90- ամյակի առթիվ: Նա շնորհավորագիր հանձնեց թատրոնի տնօրենին, իսկ վերջինս շնորհակալություն հայտնեց կազմակերպված միջոցառման և ևս մեկ անգամ թատրոնի դերն ու նշանակությունը արժևորելու համար: Դերասաններ Ռոզա Մխիթարյանը, Արամայիս Սարգսյանը,Վրույր Հարությունյանը, Հայկ Թորոսյանը ևս հանդես եկան երախտիքի խոսքերով և շնորհակալություն հայտնեցին իրենց տոնը նշանակալի դարձնելու համար: Ներկաներին շնորհավորեց և գեղեցիկ բանաստեղծություն նվիրեց Մ. Քոչարյանը, ով բարձր գնահատեց թանգարանի անձնակազմի կատարած աշխատանքը, ողջունեց համագործակցությունը թանգարանի և թատրոնի միջև և հույս հայտնեց, որ նման միջոցառումները կլինեն շարունակական:
Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանի անձնակազմի անդրադարձը սիրելի աբելյանցիներին ևս մեկ անգամ ապացույցն էր այն բանի, որ նրանք բարձր են գնահատում թատրոնի մեծ ավանդն ու ներդրումը հայ մշակույթի զարգացման գործում և կարևորում են այն հանգամանքը, որ աշխարհին թատերական մի ամբողջ աստղաբույլ տված ժողովուրդը ունենա նրանց անվանն ու վաստակին արժանի թատրոն: