Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ճանաչողական այցով Լոռու մարզում էր Գյումրիում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրով

24.03.2021

 Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հյուրընկալեց ճանաչողական այցով մարզ ժամանած Գյումրիում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովին, ինչպես նաև Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Հարություն Համբարձումյանին:
Հանդիպմանը ներկա էին նաև Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը և խորհրդական Արմեն Հարությունյանը:
Մարզի ղեկավարը շնորհավորեց հյուպատոսին կարևոր և պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ համագործակցությունը երկու կառույցների միջև կշարունակվի՝ հնարավորություն տալով համատեղ իրականացնելու ավելի շատ ծրագրեր: Մարզի ղեկավարն իր խոսքում ընդգծեց հատկապես հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը:
Հյուրերին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկան և ռուս-հայկական բարեկամությունը կարևորեցին նաև Գ. Ասրյանը և Ա. Հարությունյանը:
Հյուպատոսն, իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նույնպես սերտ համագործակցության պատրաստակամություն հայտնեց: Նա իր խոսքում նշեց, որ թեև 4 ամիս է, ինչ պաշտոնավարում է, բայց հայ ժողովրդի հետ բարեկամության հիմքերը դրվել են դեռևս հեռավոր 1988թ.-ին, երբ, ի թիվս շատ ռուս մասնագետների, ինքը ևս օգնության է շտապել ծանր իրավիճակում հայտնված աղետի գոտու բնակիչներին:
Ռ. Կանդաուրովը համառոտ անդրադարձավ նաև Լոռու մարզում ՌԴ կառավարության աջակցությամբ իրականացվող ծրագրերին և վստահեցրեց, որ դրանք տարեցտարի ընդլայնվելու միտում ունեն:
Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Հարություն Համբարձումյանն իր հերթին ներկայացրեց ՌԴ կառավարության աջակցությամբ կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերը: Նա մասնավորապես անդրադարձավ ՌԴ սոցիալ-մշակութային նախաձեռնությունների հիմնադրամի նախաձեռնությամբ 2013թ-ից իրականացվող «Տաք սիրտ» ակցիային, որի նպատակն է բացահայտել, աշխարհին ներկայացնել մինչև 23 տարեկան այն երեխաներին, պատանիներին ու երիտասարդներին, ովքեր կյանքի գնով, հերոսական արարքներ իրականացնելով՝ օգտակար են եղել դրա կարիքն ունեցող մարդկանց: 2020թ.-ին Լոռու մարզում այդպիսի 3 դպրոցական ենք ունեցել և հյուպատոսի այցը Լոռու մարզ նաև նրանց ներկայացնելու և մրցանակները հանձնելու նպատակ ուներ:
Հյուրերը շնորհավորեցին և մրցանակները հանձնեցին «Տաք սիրտ» մրցանակին արժանացած վանաձորցի դպրոցականներ Տիգրան Մարկոսյանին, Էդմոն Քոչարյանին և Էդիկ Ղարաքեշիշյանին: Մարզպետ Արամ Խաչատրյանն իր հերթին, շնորհավորելով երեխաներին, մաղթեց հաջողություններ ուսման մեջ և կյանքում՝ վստահություն հայտնելով, որ նրանք առաջին հերթին լավ մարդ կմեծանան:
Մարզի ղեկավարը և հյուրերը եղան նաև Վանաձորի պետական համալսարանում, պատվիրակությունը շրջայց կատարեց համալսարանի ֆակուլտետներում, եղավ գրադարանում և ռուսաց լեզվի ամբիոնում, լսարաններում, իսկ հանդիպման ավարտին Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի և համալսարանի միջև համագործակցության հուշագիր ստորագրվեց:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:17:21