Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Երբ հայրենիքի սահմանների անառիկությունը վտանգված է, ոստիկանը նույնպես զինվոր է դառնում. Ա. Խաչատրյան
12.02.2021
Լոռու մարզպետարանը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել պատերազմի ընթացքում հայրենիքին ծառայություն մատուցած կառույցները և անհատներին: Այս անգամ մարզպետ Արամ Խաչատրյանը շնորհակալագրերով պարգևատրեց ՀՀ ՊՆ Վանաձորի Ռազմական Ոստիկանության և Ճանապարհային Ոստիկանության բաժնի մի խումբ աշխատակիցների: Մարզի ղեկավարը բարձր գնահատեց ուժայինների ներգրավվածությունը պատերազմական գործողություններին: - Պետության համար պատասխանատու այս ժամանակաշրջանում ձեր պարտականությունները կատարել եք բարձր մակարդակով՝ հանուն ներքին ու արտաքին անվտանգության՝ հաճախ նաև վտանգելով ձեր կյանքը: Այսօր ձեր շարքերում մարդիկ են, ովքեր օր ու գիշեր պայքարել են ինչպես առաջնագծում, այնպես էլ՝ թիկունքում: Ցավոք, անմահացած մեր հայորդիների շարքում ունենք ոստիկաններ ևս, ուստի խոնարհումս նաև նրանց ընտանիքներին, մայրերին ու զավակներին: Ի դեմս ձեզ՝ մեր պետությունն իսկապես ամուր հենասյուն ունի,- նշեց Արամ Խաչատրյանը վստահեցնելով՝ որպես Լոռու մարզպետ՝ պատրաստ է ողջ ներուժը ծառայեցնել ուժային կառույցների հետ ամուր ու սերտ համագործակցության համար: Մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը նույնպես շնորհակալանքի խոսք ուղղեց՝ շեշտելով՝ մարզի ոստիկանները արժանի են ամենաբարձր գնահատանքի: