Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետարանը կշարունակի համագործակցությունը «Էյ Թի Փի» հիմնադրամի հետ մի շարք ծրագրերի շրջանակներում
26.01.2021
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր իր աշխատասենյակում հյուրընկալել էր
«Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի անտառվերականգնման բաժնի ղեկավար Նավասարդ Դադյանին և հիմնադրամի անտառագետ Մկրտիչ Գևորգյանին: Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արուս Թումանյանը, բնապահպանության բաժնի պետ Արտակ Դեմիրչյանը:
Ն. Դադյանը համառոտ ներկայացրեց հիմնադրամի գործունեությունը՝ նշելով, որ իրականացնում են կենսական նշանակություն ունեցող բնապահպանական ծրագրեր` Հայաստանի քաղաքներում և գյուղերում, այդ թվում և՝ Լոռու մարզում։
1994թ.-ից «Էյ Թի Փի»-ն հսկայական աշխատանք է իրականացրել. տնկվել և վերականգվել են միլիոնավոր ծառեր և ստեղծվել բազմաթիվ աշխատատեղեր: «Էյ Թի Փի»-ն նպաստում է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ ներգրավելով միջոցներ անտառների վերականգնումը ֆինանսավորելու համար: Կազմակերպության կողմից աճեցված և տնկված ծառերը նաև կենսական նշանակություն ունեն. նրանք մարդկանց ապահովում են սննդով, փայտով, բնապահպանական բարիքներով և տնտեսության աճի համար անհրաժեշտ հնարավորություններով: Նա նաև ներկայացրեց 2020թ. մարզում իրականացված աշխատանքները և այս տարվա ծրագրերը:
Շնորհակալություն հայտնելով մարզում կյանքի կոչված ծրագրերի համար՝ Արամ Խաչատրյանը հետագա համագործակցության պատրաստակամություն հայտնեց՝ նշելով, որ առաջիկայում կլինի Մարգահովիտ համայնքում գտնվող բնապահպանական կրթության կենտրոնում և տնկարաններում՝ հիմնադրամի գործունեությանը տեղում ծանոթանալու նպատակով:
Հիմնադրամի կողմից Լոռու մարզում 2020թ. ընթացքում իրականացրել է.
Անտառտնկման աշխատանքներ Ազնվաձոր համայնքի 42,1 հա, Պրիվոլնոյե համայնքի 29.82 հա, Ուռուտ համայնքի 16.2 հա համայնքային տարածքներում։
Բովաձոր համայնքի 39.14 հա տարածքում 2019թ. հիմնադրված անտառմշակույթների լրացման աշխատանքներ:
Համայնքային ծառատունկ ծրագրի շրջանակներում մարզի համայնքներին ու տարբեր կազմակերպություններին տրամադրվել է շուրջ 2000 տնկիներ:
Ազնվաձոր, Պրիվոլնոյե, Բովաձոր և Ուռուտ համանքներում տնկման համար նախատեսված տարածքները ցանկապատված են բետոնե հենասյուններով և 5 շարք ցինկապատ փշալարով։ Ընդհանուր անցկացվել է 11.3 կմ ցանկապատ և օգտագործվել է շուրջ 3300 հատ հենասյուն և 4800 կգ փշալար։
Լոռու մարզպետարանի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի եռակողմ համագործակցության արդյունքում Մեծավան համայնքի Միխայելովկա բնակավայրի 41.4 հա և Տաշիր համայնքի 45 հա և 53.4 հա տարածքներում իրականացվել են «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի կողմից նախորդ տարիներին հիմնադրված անտառմշակույթների լրացման և խնամքի աշխատանքներ: Ծրագրում ներգրավվել են ավելի քան 100 մարդ: Այս ծրագիրն իրականացնելու համար պետբյուջեից ներդրումը կազմել է 4.5 մլն. դրամ, իսկ հիմնադրամի կողմից շուրջ 4 մլն. դրամ:
2021թ. ծառերի խնամքի, ցանկապատի վերանորոգման աշխատանքները կպլանավորվեն տարվա ընթացքում իրականացվող ուսումնասիրություններից հետո ըստ անհրաժեշտության։ Նախատեսվում է Լոռու մարզում իրականացնել 2020թ. հիմնված շուրջ 88 հա անտառտմշակույթների լրացման և խնամքի աշխատանքներ, ինչպես նաև աշխատանքներ են տարվում Լոռու մարզի համայնքների հետ 2021թ. անտառտնկման համար անհրաժեշտ համապատասխան տարածքներ տրամադրելու համար:
Հիմնադրամը մարզում իրականացրել է նաև տարաբնույթ բնապահպանական ուսուցողական դասընթացներ, անվճար հիմունքներով համայնքներին է տրամադրում պտղատու և դեկորատիվ տնկիներ: