Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ա. Խաչատրյան. «Պատրաստ եմ լսել ցանկացած կառուցողական քննադատություն և ընդունել ցանկացած ողջամիտ առաջարկություն՝ ի շահ մարզի զարգացման և լոռեցու բարեկեցության». մարզպետը հանդիպեց մշակութային
22.01.2021
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հանդիպումը մարզի համայնքների ենթակայության մշակութային օջախների մի խումբ գործիչների հետ մեկ նպատակ էր հետապնդում. կառուցողական մթնոլորտում քննարկել ոլորտում առկա խնդիրները և միասնական ջանքերով քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ:
-Մշակութային գործիչները, մտավորականները մեր երկրի համար բոլոր դժվարին իրավիճակներում մեծագույն դերակատարություն են ունեցել՝ օգնելով դիմակայել առկա մարտահրավերներին և սատարել ժողովրդին հաղթահարելու դժվարությունները, հուսալքությունը: Բարձր գնահատելով յուրաքանչյուրիդ վաստակը՝ կարևորում եմ ձեր ներդրումը այս կարևորագույն հարցում: Անկախ քաղաքական հայացքներից՝ մեր նպատակը լինելու է նոր լույս վառել ու վանել ժողովրդից ընկճվածությունը: Հենց այս տրամադրվածությամբ եմ ստանձնել մարզի ղեկավարի պաշտոնը. համագործակցելու ենք բոլորի հետ: Վստահեցնում եմ՝ պատրաստ եմ լսել ցանկացած կառուցողական քննադատություն և ընդունել ցանկացած ողջամիտ առաջարկություն՝ ի շահ մարզի զարգացման և լոռեցու բարեկեցության,-ասաց Ա. Խաչատրյանը:
Շնորհավորելով Արամ Խաչատրյանին մարզպետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ մտավորականները կարևորեցին քաղաքական դիրքից զատ մարդկային հարաբերությունների և ջերմ մթնոլորտի ապահովումը՝ վստահեցնելով, որ պատրաստ են համագործակցության:
Նրանք բարձրաձայնեցին ոլորտում առկա մի շարք խնդիրների մասին, որոնք, մարզպետի վստահեցմամբ, ամենօրյա ուշադրության կենտրոնում կլինեն, և առկա հնարավորությունների սահմաններում դրանց լուծումներ կտրվեն:
Հայոց բանակի օրվա հետ կապված հատկապես կարևորվեց տարաբնույթ ոգեկոչող միջոցառումների անցկացումը՝ ի փառս քաջարի զինվորների:
Մարզպետը նշեց, որ նմանատիպ հանդիպումները պարբերական բնույթ են կրելու: