Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերմանը և կանխարգելմանն ուղղված մամոգրաֆիայի պիլոտային ծրագրի մեկնարկը տրված է Լոռու մարզից

19.01.2021

Շարժական մամոգրաֆիան ներկայում տեղակայված է Վանաձորի բժշկական կենտրոնի տարածքում, 6 ամիս անց այն կլինի նաև մարզի մյուս քաղաքներում՝ ընդհանուր առմամբ շուրջ մեկ տարի անվճար սպասարկելով մարզի համաբուժարաններին և բուժամբուլատորիաներին կցագրված 50-69 տարեկան կանանց:
Շարժական մամոգրաֆիայի բացման արարողությանը ներկա էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը, Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Երվանդ Էլիբեկյանը, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը, մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետ Լուսինե Վարդանյանը, մարզի բուժհաստատությունների ղեկավարներ:
Մարզի ղեկավարը, ողջունելով ներկաներին, իր խորին երախտագիտությունը հայտնեց ոլորտի պատասխանատուներին՝ այս կարևոր ծրագիրը Լոռու մարզից մեկնարկելու համար՝ վստահեցնելով, որ կարվի հնարավոր ամեն ինչ ծրագրի հաջող ընթացքն և արդյունավետությունն ապահովելու համար:
Կրծքագեղձի չարորակ նորագոյացությունների վաղ հայտնաբերմանն ուղղված կանխարգելիչ այս ծրագրի կարևորությանն անդրադառնալով՝ ոլորտի պատասխատուներն ընդգծեցին, որ ռիսկային խմբում գտնվող կանայք այլևս կարիք չեն ունենա մեկնել Երևան մամոգրաֆիկ հետազոտություն անցնելու նպատակով, հետազոտության ախտորոշումը կկատարվի Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի արհեստավարժ ռադիոլոգների կողմից, ախտորոշման հաստատման լրացուցիչ հետազոտությունները ևս կիրականացվեն անվճար:
Հերթերից խուսափելու համար գործելու է հերթագրման համակարգ. յուրաքանչյուր կին հնարավորություն կունենա ընտրելու իրեն առավել հարմար օր և ժամ, իսկ հերթագրման համար նախ պետք է այցելել ընտանեկան բժշկին կամ թերապևտին:
Կրծքագեղձի անվճար սքրինինգային հետազոտությունների ծրագիրն իրականացվում է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսավորվող «Առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկողության կատարելագործում» դրամաշնորհային ծրագրի շրջանականերում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:45:13