Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ա. Խաչատրյան. «Ջանքեր չեմ խնայելու մարզում ապահովելու փոխվստահության գործակցային մթնոլորտ»
23.12.2020
Այսօր Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում անցկացված մարզխորհրդի նիստում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց Լոռու մարզի նորանշանակ մարզպետ Արամ Խաչատրյանին:
Ներկա էին կառավարության ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, համայնքների ղեկավարներ, մարզի ուժային կառույցների և մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ:
Նախարարն իր խոսքում շեշտեց՝ մարզպետի պաշտոնում Արամ Խաչատրյանի նշանակումը կապված է իշխանության շարունակականության, ողջ երկրի և Լոռու մարզի համար ստեղծված դժվարին իրավիճակում մարտահրավերներն օր առաջ հաղթահարելու հետ:
Մարզպետն իր հերթին շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Կառավարությանը պատասխանատու պաշտոն վստահելու համար և խոստացավ՝ իր առաքելությունը լինելու է լոռեցիներին ծառայելը և լոռեցիների բարեկեցությունն ապահովելը.
- Ջանքեր չեմ խնայելու մարզում ապահովելու փոխվստահության գործակցային մթնոլորտ՝ իմ կողմից պարտավորվելով աշխատանքում լինել թափանցիկ և հաշվետվողական:
Արամ Խաչատրյանը նաև շեշտեց՝ իր առաջնային նպատակն է կանգնել վիրավոր ու զոհված զինծառայողների ընտանիքների կողքին, աջակցել հնարավոր բոլոր միջոցներով՝ միաժամանակ նաև գործել՝ ի շահ Լոռու մարզի զարգացման:
- Հարգելի՛ համայնքների ղեկավարներ, սիրելի՛ ներկաներ, խոսքս ուզում եմ ուղղել ձեզ. մեր երկրի ու ժողովրդի համար այս պատասխանատու և բարդ ժամանակաշրջանում շատ կարևոր է լինել միասնական և համախմբված՝ հանուն մեր մարզի ու երկրի բարօրության: Մենք միասին բավականին խոչընդոտներ ունենք հաղթահարելու և մեր առաջնային խնդիրն այս փուլում պետք է լինի՝ մի կողմ թողնել ընկճվածությունը, կանգնել մեր սգացող ընտանիքների, մեր վիրավոր զինվորների ընտանիքների կողքին, ու միաժամանակ և շատ կարճ ժամանակամիջոցում նախանշել զարգացման անշեղ ուղի: Այլընտրանք պարզապես չկա,-ասաց նա:
Նորանշանակ մարզպետը և նախարարը շնորհակալություն հայտնեցին նաև Լոռու արդեն նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանին 2.5 տարի մարզը ղեկավարելու ու մարզի զարգացման գործում ունեցած ներդրման համար:
Վերջինս իր հերթին պատրաստակամություն հայտնեց սատարելու Արամ Խաչատրյանին մարզի ղեկավարի պաշտոնում: