Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ելույթը մարզխորհրդի տարեվերջյան նիստում

23.12.2020

Հարգելի պարոն նախարար,
կառավարության հարգելի ներկայացուցիչներ,
պարոն պատգամավոր,
համայնքների ղեկավարներ,
գործընկերնե՛ր,
լրագրողնե՛ր
Նախ և առաջ, ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ կառավարությանը Լոռու մարզպետի պաշտոնն ինձ վստահելու համար: Ինձ համար սա մեծ պատիվ է:
Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Անդրեյ Ղուկասյանին շուրջ երկուսուկես տարի մարզը ղեկավարելու և մարզի զարգացման գործում իր ներդրումն ունենալու համար:
Սիրելի՛ ներկաներ
Լոռու մարզպետի պաշտոնն ստանձնել եմ պատասխանատվության բարձր զգացումով և այն համոզմունքով, որ մարզի ղեկավար լինելը նշանակում է անձնվիրաբար ծառայել ժողովրդին: Խորապես գիտակցում եմ, որ ինձ վստահված ծանր և պատասխանատու պարտականությունը նաև պատվավոր առաքելություն է, քանզի ձեզ հետ միասին լծվելու եմ հարազատ Լոռիում ծառացած բազմաթիվ խնդիրների լուծման գործին՝ ի բարօրություն մեր ժողովրդի:
Կարող եք չկասկածել, որ ժողովրդի միահամուռ կամքով իշխանությունն ստանձնած կառավարության, ինչպես նաև տարածքային կառավարման մարմին մարզպետարանի գերագույն նպատակը ժողովրդին ծառայելն է, մարդկանց բարեկեցությունն ու արժանապատվությունը պահպանելը, օրենքների գերակայությունն ապահովելը:
Շարունակաբար իրականացնելու ենք ծրագրեր, որոնք օրախնդիր և կենսական են մարզի ոլորտների և ամեն մի ընտանիքի ու համայնքի, ողջ հասարակության համար:
Հարգելի՛ համայնքների ղեկավարներ, սիրելի՛ ներկաներ, խոսքս ուզում եմ ուղղել ձեզ.
-Մեր երկրի ու ժողովրդի համար այս պատասխանատու և բարդ ժամանակաշրջանում շատ կարևոր է լինել միասնական և համախմբված՝ հանուն մեր մարզի ու երկրի բարօրության: Մենք միասին բավականին խոչընդոտներ ունենք հաղթահարելու և մեր առաջնային խնդիրն այս փուլում պետք է լինի՝ մի կողմ թողնել ընկճվածությունը, կանգնել մեր սգացող ընտանիքների, մեր վիրավոր զինվորների ընտանիքների կողքին, ու միաժամանակ և շատ կարճ ժամանակամիջոցում նախանշել զարգացման անշեղ ուղի:
Այլընտրանք պարզապես չկա:
Ես՝ որպես մարզի ղեկավար, իմ կողմից պատրաստակամություն եմ հայտնում համագործակցային ջերմ մթնոլորտում ձեզ հետ միասին քննարկելու մարզի զարգացմանն ուղղված բոլոր ողջունելի նախաձեռնությունները, առաջարկությունները:
Մեր խնդիրը, վստահ եմ համաձայն եք ինձ հետ, լոռեցիներիս յուրահատուկ նվիրվածությամբ ու պատվախնդրությամբ միշտ պետք է լինի առաջին շարքերում լինելը՝ հանուն մեր երկրի զորացման և մեր ընտանիքների բարեկեցության:
Եվ վերջում ուզում եմ վստահեցնել, որ ջանքեր չեմ խնայելու մարզում ապահովելու փոխվստահության գործակցային մթնոլորտ՝ իմ կողմից պարտավորվելով աշխատանքում լինել թափանցիկ և հաշվետվողական:
Շնորհակալությու՛ն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53