Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անդրեյ Ղուկասյանն իր երախտագիտությունը հայտնեց մարզպետարանի կոլեկտիվին 2.5 տարվա համատեղ տքնաջան աշխատանքի համար
16.12.2020
Աշխատանքային վերջին օրը Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հանդիպեց մարզպետարանի աշխատակազմի հետ: Նա իր երախտագիտությունը հայտնեց կոլեկտիվի բոլոր անդամներին 2.5 տարվա համատեղ տքնաջան աշխատանքի համար՝ հույս հայտնելով, որ այն աշխատանքային մթնոլորտը, առողջ հարաբերությունները, որոնք ձևավորվել են, կշարունակվեն նաև հետագայում.
-Լոռու մարզպետարանում աշխատում է պրոֆեսիոնալ մասնագետների թիմ, որն ունակ է անվրեպ գործելու ցանկացած դժվարին իրավիճակում: Սա մենք միասին կարողացանք ապացուցել հատկապես համավարկի և պատերազմական ծանր օրերին՝ հաղթահարելով մեր առջև դրված բոլոր բարդ, երբեմն անհաղթահարելի թվացող խնդիրները,-ասաց Ա. Ղուկասյանը:
Անդրեյ Ղուկասյանին և աշխատակազմին իր շնորհակալության խոսքը հղեց նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը:
-Հատկապես վերջին մեկ տարում միասին աշխատել ենք շուրջօրյա գրաֆիկով՝ երկրորդ պլան մղելով անձնական և ընտանեկան խնդիրները, բայց տեսնելով կատարված աշխատանքի արդյունքը գոհացել ու բավարարվել ենք նրանով, որ ինչ-որ դրական բան ենք կարողացել անել մեր մարզի համար,-ասաց նա:
Աշխատակիցներից մի քանիսը նույնպես իրենց սրտի խոսքը հնչեցնելու հնարավորություն ունեցան:
Հանդիպման ավարտին Անդրեյ Ղուկասյանը Լոռու մարզում ծավալած արգասաբեր գործունեության, արդյունավետ համագործակցության, ինչպես նաև ռազմական դրության պայմաններում թիկունքն ամուր պահելու և նվիրված աշխատանքի համար շնորհակալագրերով պարգևատրեց մի խումբ աշխատակիցների: