Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հաջողությունների հասնելու միակ ճանապարհը որակյալ կրթության ապահովումն է. Ա. Ղուկասյան
15.12.2020
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը շնորհակալագրեր հանձնեց նոյեմբերի 22-29-ը մի շարք առարկաներից(հայ գրականություն, հայոց լեզու և գերմաներեն, ֆրանսերեն և անգլերեն, ռուսաց լեզու, հայոց եկեղեցու պատմություն և քիմիա) անցկացված 2019-2020 ուսումնական տարվա դպրոցական առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի 6 մրցանակակիրներին.
Հովհաննես Իգիթխանյան (Շիրակամուտի թիվ 1 հիմն. դպրոց, առաջին կարգի դիպլոմ, հայոց եկեղեցու պատմություն)
Միլենա Կիրակոսյան (Վանաձորի մաթ. և բնագ. առ, հտ/դ, երկրորդ կարգի դիպլոմ, հայոց լեզու)
Անահիտ Ասլանյան (Վանաձորի թիվ 11 ավագ դպրոց, երկրորդ կարգի դիպլոմ, հայ գրականություն)
Սոնա Եղշատյան (ՎՊՀ հենակետային վարժարան, երկրորդ կարգի դիպլոմ, ռուսաց լեզու)
Նարե Աքուլյան (Վանաձորի թիվ 5 հիմն. դպրոց, երրորդ կարգի դիպլոմ, անգլերեն)
Անահիտ Ներսիսյան (Վանաձորի թիվ 24 միջն. դպրոց, երրորդ կարգի դիպլոմ, անգլերեն)
Ա. Ղուկասյանը շնորհավորեց դպրոցականներին և շնորհակալություն հայտնեց մարզը լավագույնս ներկայացնելու համար:
-Մեր երկրի ապագան ձեր ձեռքերում է: Ես ուրախ եմ և հպարտ, որ այսօրվա սերունդը՝ ի դեմս ձեզ, գիտակցում է կրթության և գիտելիքի դերը: Լավ մասնագետ և երկրի լարժեք քաղաքացի լինելու լավագույն պայմանը կրթությանը շատ ժամանակ հատկացնելն է,- նշեց մարզի ղեկավարը:
Ուսուցիչները ևս արժանացան գնահատանքի՝ բարդ ու պատասխանատու աշխատանքը պատվով կատարելու, կրթության և դաստիարակության գործում ունեցած ավանդի համար: Մարզի ղեկավարն, ի նշան երախտագիտության, ծաղիկներ նվիրեց և շնորհակալագրեր հանձնեց նաև նրանց:
Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ռ. Հարությունյանն, իր հերթին շնորհավորելով աշակերտներին, հորդորեց շարունակել նույն եռանդով, եղած գիտելիքների պաշարը տարեցտարի բազմապատկել ու օրինակ ծառայել մյուսների համար:
Ուսուցիչները և դպրոցականները նույնպես շեշտեցին՝ յուրաքանչյուր ձեռքբերում է՛լ ավելի պարտավորեցնող և ոգևորող է, ասում են՝ գնահատանքի արժանանանալը ստիպում է ավելի շատ աշխատել ու լավ սովորել:
Հիշեցնենք, որ 12-րդ դասարանների աշակերտների համար այս առարկաների օլիմպիադայի հանրապետական փուլն անց էր կացվել մայիս ամսին:
Հարկ է նշել նաև, որ փետրվարի 24-ից մարտի 11-ը կազմակերպվել էր օլիմպիադաների հանրապետական փուլը՝ մաթեմատիկա, ֆիզիկա, աստղագիտություն, կենսաբանություն, աշխարհագրություն, պատմություն և ինֆորմատիկա առարկաներից։ Մյուս առարկաների համար օլիմպիադաների հանրապետական փուլի հետաձգումը պայմանավորված էր կորոնավիրուսի տարածմամբ, պատերազմով և ռազմական դրության հայտարարմամբ։