Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով մարզպետը եղավ Արջուտ, Սպիտակ, Լեռնավան և Ջրաշեն համայնքներում

04.12.2020

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներում՝ սուբվեցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով շարունակվում են:  Մարզպետը եղել է Արջուտ, Սպիտակ, Լեռնավան և Ջրաշեն  համայնքներում:

Առաջին կանգառը Արջուտ համայնքում էր: Այստեղ այս տարի իրականացվել է 2 ծրագիր ` ընդհանուր շուրջ  50.46 մլն դրամ պայմանագրային արժեքով, որից 28.12 մլն դրամը պետբյուջեի ներդրումն է, մնացածը՝ համայնքային:

Տուֆ քարով հիմնանորոգվում է համայնքի մոտ 1200 մետր երկարությամբ կենտրոնական փողոցը: 

Ընթացքի մեջ են համայնքում ֆոտովոլտային կայանի կառուցման աշխատանքները:

Մարզի ղեկավարը Սպիտակ համայնքում է: Այստեղ այս տարի 5 սուբվենցիոն ծրագիր է իրականացվում` ընդհանուր շուրջ  451.1 մլն դրամ պայմանագրային արժեքով, որից 235.2 մլն դրամը պետբյուջեի ներդրումն է, մնացածը՝ համայնքային և այլ ներդումները: 

  Սպիտակում այս տարի իրականացվող ծրագրերն են.

Ալեք Մանուկյան, Ավետիսյան և Թորոսյան փողոցների մի շարք շենքերի, ինչպես նաև Ուզբեկական, Եռանկյունի և Վարպետաց թաղամասերի ճանապարհների ասֆալտապատում` ընդհանուր մոտ 1 կմ  (7600 քառ. մետր մակերեսով): Շինարարական աշխատանքներն ավարտվել են:

Քաղաքային հրապարակի լուսային (ծրագրային ապահովմամբ) շատրվանների կառուցում և հրապարակի լուսային ձևավորում: Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է 1996-1997 թվականներին կառուցված քաղաքային հրապարակի շատրվանների վերակառուցում` լուսային էֆեկտներով, ինչպես նաև հարակից 6 շենքերի լուսային ձևավորում: Ջրավազանի նորոգման աշխատանքներն ավարտվել են:

Համայնքի 3 բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության և էներգախնայողության բարձրացում: Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է համայնքի դեռևս 1990-ական թվականներին հիմնանորոգված Ավետիսյան 17, Ալեք Մանուկյան 14 և Թորոսյան 21 շենքերի արտաքին պատերի, նկուղների, տանիքների ջերմամեկուսացում, տանիքների և շքամուտքի պատուհանների փոխարինում: Ծրագրի իրականացման արդյունքում բազմաբնակարան շենքերում տարեկան կտրվածքով կապահովվի 50-60% էներգախնայողություն` էապես կրճատելով բնակիչների կոմունալ վճարները: Ծրագրի շահառու է վերոնշյալ շենքերի մոտ 320 բնակիչ: Այս ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ, պետբյուջե և համայնք համատեղ ներդրմամբ: 

Համայնքի կարիքների համար գրեյդեր և հիբրիդային դիզել (էլեկտրական) ավլող, փոշեկուլ մեքենայի ձեռքբերում. ծրագիրը կնպաստի համայնքի գրունտային ճանապարհների ժամանակին և արդյունավետ բարեկարգմանը, ինչպես նաև հնարավորություն կտա ավելացնել սանիտարական մաքրման տարածքը: Կստեղծվի 2 նոր աշխատատեղ

Համայնքի փողոցային լուսավորության համակարգերի և քաղաքային լոկալ օպտիկական ցանցի կառուցման ծրագիրը ևս ընթացքի մեջ է:

Ջրաշեն համայնքում մարզպետը ծանոթացավ փողոցների վերանորոգման աշխատանքներին. հիմնանորոգվել է 8-րդ փողոցի 370 մետր և 10-րդ փողոցի 200 մետր երկարությամբ հատվածները:  

Այստեղ նաև  սուբվենցիոն միջոցներով համայնքի մանկապարտեզի համար գույք է ձեռքբերվել:

Ջրաշենում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր պայմանագրային արժեքը 27.36 մլն դրամ է, որից 14.05 մլն-ը պետբյուջեի ներդրումն է, մնացածը՝ համայնքային: 

Լեռնավան համայնքում իրականացվել է 3 ծրագիր՝ ընդհանուր առմամբ 31 մլն դրամ պայմանագրային արժեքով, որից 15.8 մլն դրամը պետբյուջեի ներդրումն է. մնացածը՝ համայնքային:

Հիմնանորոգվել են 13-րդ փողոցի 5 մ լայնությամբ և 170 մ երկարությամբ, ինչպես նաև 14-րդ փողոցի 6 մ լայնությամբ և 100 մ երկարությամբ հատվածները: Արդյունքում բարեկարգվել է համայնքի կենտրոնական հատվածը, այդ թվում` դպրոց տանող ճանապարհը:

«Համայնքի փողոցային լուսավորության համակարգի ընդլայնում» ծրագրի շրջանակներում ընդհանուր առմամբ շուրջ 2500 գծմ երկարությամբ անցկացվել է լուսավորություն, տեղադրվել է ընդհանուր թվով 82 լուսատու 1-ին, 8-րդ, 11-րդ, 14-րդ, 15-րդ և 19-րդ փողոցներում:

Համայնքի կենտրոնական ջրահեռացման համակարգի վերակառուցում ծրագրի շրջանակներում համայնքի 13-րդ և 14-րդ փողոցներում գաբիոնե շարվածքով կառուցվել են հենապատեր, համապատասխանաբար` 150 և 100 գծմ երկարությամբ: Ծրագրի իրականացման արդյունքում մոտ 43 հա հողատարածք կպաշտպանվի հեղեղումից: 

Ա. Ղուկասյանն իր նկատառումները հայտնեց կատարված աշխատանքների վերաբերյալ՝ հորդորելով շտկել թերացումները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38