Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կարևոր է նույն ինտենսիվությամբ համակարգման կենտրոնի հետագա գործունեությունը և նորանոր ծրագրերի իրականացումը
23.11.2020
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն հանդիպեց պատերազմական գործողությունների առաջին իսկ օրերից Լոռու մարզում ձևավորված համակարգման կենտրոնի թիմի անդամների հետ: Այն շուրջօրյա գրաֆիկով աշխատանքներ է իրականացնում Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի համակարգմամբ: Կենտրոնի կազմում ընգրկված են ներկայացուցիչներ ինչպես Լոռու մարզպետարանի աշխատակազմից, այնպես էլ՝ հասարակական կազմակերպություների, քաղհասարակության ակտիվ ներկայացուցիչներ, անհատներ, ովքեր այս օրերին համախմբվել են մեկ ընդհանուր գաղափարի շուրջ. հնարավորության սահմաններում աջակից լինել առաջնագծի զինվորներին, ամուր պահել թիկունքը և ըստ կարիքների՝ համակողմանի աջակցություն ցուցաբերել Լոռու մարզում ապաստան գտած արցախցի ընտանիքներին (կացարանի հատկացում, սննդի, հիգիենիկ պարագաների, այլ անհրաժեշտ իրերի հայթայթում և տրամադրում, սոցիալ-հոգեբանական աջակցություն):
Այս օրերի ընթացքում բազմաթիվ առիթներ ենք ունեցել անդրադառնալու համակարգման կենտրոնի գործունեությանը:
-Իմ խորին երախտագիտությունն եմ ուզում հայտնել ձեզ, անկախ նախասիրութուններից և քաղաքական հայացքներից, պետական կառույցի շուրջ համախմբվելու, այս ծանր օրերին մեկ բռունցք դառնալու համար: Ձեր կողմից հսկայական աշխատանք է կատարվել ու շարունակվում է իրականացվել: Անկեղծ ուզում եմ խոստովանել, որ աշխատանքային գերծանրաբեռնված այս օրերին համոզված եմ եղել, որ ձեզ վստահված գործն իրականացնում եք ամենաբարձր մակարդակով,-ասաց մարզի ղեկավարը: Նա կարևորեց նույն ինտենսիվությամբ համակարգման կենտրոնի հետագա գործունեությունը և նորանոր ծրագրերի իրականացումը՝ ի շահ հայրենիքի ու մասնավորապես Լոռու մարզի:
-Առաջիկայի համար մեր խնդիրները պետք է լինեն մարզում ապաստան գտած արցախցի ընտանիքներին հետագա աջակցության տրամադրումը, հնարավորության դեպքում զբաղվածության խնդրի լուծումը և միաժամանակ օգնելն ու խրախուսելը, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ հայրենի Արցախ՝ շենացնելու իրենց օջախները: Մեր ամենակարևոր խնդիրներից է զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին համակողմանի աջակցությունը և սատարումը: Նրանք պետք է վստահ լինեն, որ ցանկացած հարցում մենք իրենց կողքին ենք,-ասաց Ա. Ղուկասյանը:
Գայանե Մարկոսյանն առանձին-առանձին ներկայացրեց համակարգման կենտրոնի բոլոր անդամների կատարած հսկայածավալ աշխատանքը, յուրաքանչյուրի ունեցած մեծագույն ներդումը ընդհանուր գործում:
- Օգտվելով առիթից շնորհակալություն ենք հայտնում նաև աջակցության փաթեթներ հատկացրած բոլոր կազմակերպություններին, անհատներին, կացարաններ տրամադրած բոլոր կառույցներին. ձեր շնորհիվ կարողացել են իրականացնել անհնարինը,-ասաց Գ. Մակոսյանը՝ նշելով, որ մարզպետարանը դեռ բազմաթիվ առիթներ կունենա գնահատելու անուրանալի աշխատանքը:
Թիմի անդամներն իրենց հերթին բարձր գնահատեցին փոխմարզպետի մեծ դերակատարությունը ընդհանուր աշխատանքների համակարգման և հընթացս ծագող խնդիրներին արագ արձագանքելու և լուծումներ տալու գործով:
-Եթե ազնիվ են մեր մղումները, ուրեմն անպայման հաջողելու ենք, իսկ դրանում ես մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում: Ես ձեզ միանշանակ ընկալում եմ որպես հայրենասեր մարդիկ, Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացիներ, ովքեր պատրաստ են սեփական անձը մի կողմ դնելով, օգնել նրանց, ովքեր ունեն դրա կարիքը: Վստահ եղեք Լոռու մարզպետարանն իր ողջ ներուժով միշտ ձեր կողքին է,-ասաց Ա. Ղուկասյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև համագործակցության հետագա քայլերը, առավել արդյունավետ ու համակողմանիորեն գործելու մեխանիզմները: