Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

20.11.2020

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից անցկացված աշխատանքային խորհրդակցության կարևորագույն հարցերն էին.
• Մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերն ակտիվ ընթացքի մեջ են և չնայած համավարակին և պատերազմով պայմանավորված իրավիճակին՝ աշխատանքներն ընթացել են հիմնականում առանց ընդհատումների: 2020թ. հաստատված 97 ծրագրերից 44-ն ավարտված են, 20-ը ավարտական փուլում են, 23-ը կավարտվեն մինչև տարեվերջ: Ըստ նախնական ուսումնասիրությունների՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված և մի շարք այլ օբյեկտիվ պատճառներով, հնարավոր է ավարտին չհասցվի շուրջ 10 ծրագիր: Ավարտված ծրագրերի պետական ֆինանսավորումը, մարզի ղեկավարի հանձնարարությամբ, կիրականացվի ավարտական ակտերի առկայության դեպքում:
Անդրադարձ կատարվեց նաև 2019թ.-ին չավարտված և 2020թ. տեղափոխված 3 ծրագրերին. դրանց հետ կապված ավարտական ակտեր առկա չեն:
-Ստեղծված իրավիճակը աշխատանքներն անորակ իրականացնելու առիթ չի կարող հանդիսանալ: Իմ մոտեցումները նույնն են. կֆինանսավորվեն այն ծրագրերը, որոնք կիրականացվեն բարձր որակով,-ասաց մարզպետը:
• Լոռու մարզում ապաստան գտած արցախցի ընտանիքները շարունակում են գտնվել մարզպետի, ինչպես նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի ղեկավարմամբ գործող մարզային համակարգման կենտրոնի ուշադրության կենտրոնում: Մեկնարկել է սոցիալական աջակցության տրամադրման արդեն 3-րդ փուլը: Պատերազմական գործողությունների առաջին իսկ օրերից մարզպետարանի հետ համագործակցող բարերարների աջակցությամբ ընտանիքների առաջնային կարիքներն ամբողջությամբ բավարարվում են (ընտանիքների կարիքների գնահատումն իրականացվում մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի կողմից): ՀՀ կառավարության նոյեմբերի 6-ի որոշմամբ Լոռու մարզպետարանին կհատկացվի շուրջ 93 մլն դրամ՝ մարզում ապաստանած ընտանիքներին աջակցության փաթեթներ տրամադրելու համար: Պետության աջակցությամբ ամբողջությամբ կվճարվեն նաև մարզի տարբեր կենտրոնացված կացարաններում ապաստան գտած ընտանիքների կոմունալ վճարները: Արդեն մի քանի օր է՝ կազմակերպվում է նաև արցախցի ընտանիքների վերադարձը հայրենիք. 200 ընտանիք Լոռու մարզպետարանի աջակցությամբ արդեն վերադարձել է: Աշխատանքները կազմակերպվում են մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի կոորդինացմամբ. ամենօրյա զանգերի միջոցով թարմացվում է Արցախ վերադառնալ ցանկացողների ցանկը, պարբերաբար կազմակերպվում է նրանց տունդարձը:
-Պատրաստ ենք արցախցի մեր հայրենակիցներին օգնելու այնքան ժամանակ, որքան կլինի դրա անհրաժեշտությունը, սակայն ողջունելի է, որ նրանք վերադառնում են հայրենի օջախներ՝ շենացնելու և նոր շունչ հաղորդելու Արցախին, իրենց օջախներին, -ասաց Անդրեյ Ղուկասյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53