Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Մենք կարևորում ենք ամուր թիկունք ձևավորելու նպատակով համախմբվելու, բռունցքվելու պատրաստակամությունը և կարողությունը»
16.11.2020
Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի գլխավորությամբ և Վանաձորում գործող «Խաչվող ուղիներ», Հայկական Կարիտասի «Փոքրիկ Իշխան», «Օրրան», «Առավոտ» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր կազմակերպվել էր հանդիպում-քննարկում: Նշված կազմակերպությունների սոցիալ-հոգեբանական թիմերն այս ամբողջ ընթացքում, սերտորեն համագործակցելով մարզպետարանում ձևավորված համակարգման կենտրոնի հետ, հետևողական աշխատանքներ են իրականացրել Արցախից տարհանված և Վանաձորի թվով 14 կենտրոնացված կացարաններում ժամանակավորապես ապաստան գտած ընտանիքների հետ:
Ողջունելով ներկաներին՝ Գ. Մարկոսյանը շնորհակալություն հայտնեց նրանց ակտիվ և անշահախնդիր համագործակցության, իրականացվող մեծածավալ աշխատանքի համար՝ կարևորելով գործակցության շարունակականությունը ինչպես արցախցի ընտանիքներին աջակցելու նպատակով, այնպես էլ՝ հետագայում՝այլ ծրագրերի շրջանակներում՝ ի շահ Լոռու մարզի զարգացման:
-Մեր համատեղ աշխատանքներն, ուղղված մարզում ապաստան գտած արցախցի ընտանիքներին համակողմանի աջակցություն ցուցաբերելուն, պետք է շարունակվեն այնքան ժամանակ, որքան որ կլինի դրա անհրաժեշտությունը: Մենք շատ ենք կարևորում ամուր թիկունք ձևավորելու նպատակով համախմբվելու և այս դժվարին օրերին բռունցքվելու պատրաստակամությունը և կարողությունը,-իր խոսքում նշեց փոխմարզպետը:
Հանդիպման շրջանակներում արտակարգ իրավիճակներում տարհանված ընտանիքների հետ աշխատանքների փորձառություն ունեցող և Շվեյցարիայում վերապատրաստում անցած մասնագետ Թամարա Սիմոնյանը հանդես եկավ փոքրիկ դասախոսությամբ՝ ներկայացնելով նման ընտանիքների հետ աշխատանքի
սկզբունքները: Նա նաև պատասխանեց ներկաների հարցերին:
Տեղեկացնենք նաև, որ մարզի մյուս տարածաշրջանների կենտրոնացված կացարաններում ապաստանած արցախցի մեր հայրենակիցներին սոցիալ-հոգեբանական աջակցություն է ցուցաբերվում նաև Ստեփանավանի «Լիարժեք կյանք», «Սպիտակի հելսինկյան խումբ» ՀԿ-ների, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի(COAF) և Ալավերդու մանկավարժահոգեբանական գնահատման կենտրոնի մասնագետների կողմից: