Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գայանե Մարկոսյանը շնորհակալություն հայտնեց մարզում իրականացվող ծրագրերի համար
15.09.2020
Հայաստանի մանուկներ»(ՔՈԱՖ) հիմնադրամի կողմից Հայաստանում, այդ թվում և Լոռու մարզում կատարված աշխատանքների ամփոփման նպատակով տեսակապի միջոցով քննարկում անցկացվեց, որին մասնակցում էին Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, Հայաստանում Եվրոպական միության դեսպան, նորին գերազանցություն տիկին Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդը, ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատրյանը, Լոռու մարզպետարանի առողջապահության ու սոցիալական ապահովության վարչության պետի ժ/պ Լուսինե Վարդանյանը, այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ:
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և իր անունից ներկաներին ողջունեց Գ. Մարկոսյանը: Նա շնորհակալություն հայտնեց Եվրամիությանը, Հայաստանում Էստոնիայի դեսպանատանը, ՔՈԱՖ-ին մարզում իրականացվող արդյունավետ ծրագրերի ու հատկապես համավարակով պայմանավորված այս օրերին մարզին ցուցաբերված մեծ աջակցության համար: Մարզպետի տեղակալը հույս հայտնեց, որ ծրագրերը շարունակական բնույթ կկրեն:
Ինչպես հայտնի է, որպես Եվրոպական միության հումանիտար ծրագրի զարգացում՝ Լոռու մարզի 26 բուժհաստատության տրամադրվել են վարակի տարածումը կանխող պարագաներ, Էստոնիայի կառավարության կողմից տրամադրվող դրամաշնորհն էլ ուղղվել է նույն համայնքներում բժշկական նորագույն պարագաների և սարքավորումերի ձեռքբերմանը: Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ ՔՈԱՖ-ը մարդասիրական օգնություն է ցուցաբերել մարզի 28 համայնքի շուրջ 1000 ընտանիքի:
Հիշեցնենք նաև, որ ՔՈԱՖ-ը 2015թ-ից Լոռու մարզում իրականացնում է նաև ՍՄԱՐԹ նախաձեռնությունը: ՔՈԱՖ-ի առաջին ՍՄԱՐԹ կենտրոնը տեղակայված է Դեբեդ համայնքի գեղատեսիլ կիրճում:
Ինչպես նշեցին պատասխանատուները, համաճարակային բոլոր կանոնների պահպանմամբ՝ այն վերստին իր դռները կբացի սեպտեմբերի 22-ին: