Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Մարզում գյուղատնտեսության ապագան ապահովագրական համակարգի ներդրումն է և նորարակական մոտեցումները». փոխմարզպետ Գ. Մարկոսյանը հետևել է բերքահավաքի ընթացքին

09.09.2020

Մարզում բերքահավաքն ընթանում է մեծ թափով: Ցորենի բերքահավաքն ավարտվել է, արդյունքները բավականին գոհացուցիչ են:
Այս պահին ինտենսիվ կերպով շարունակվում է կարտոֆիլի բերքահավաքը. նախորդ տարիների համեմատությամբ բերքն աննախադեպ առատ է:
Ընթացող աշխատանքներին Լոռի Բերդ խոշորացված համայնքի Յաղդան և Օձուն խոշորացված համայնքի Արևածագ բնակավայրերում հետևել է Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը:
Միայն Յաղդան բնակավայրում խոշոր գյուղատնտես Վռամ Գյուլզադյանը մշակում է ավելի քան 140 հա հողատարածք, արդյունքներից գոհ է: Օգտվում է գյուղատնտեսական ապահովագրությունից, ունի անհրաժեշտ գյուղտեխնիկա, բերքի մթերման խնդիր ևս չկա:
Փոխմարզպետը զրուցում է աշխատանքներին մասնակցող գյուղացիների հետ:
Օրավարձը կազմում է 4000-5000 դրամ, զբաղվածությունը սեզոնում 2-3 ամիս է: Մարդիկ կան, ովքեր այս գործով զբաղվում են 18-20 տարի.
-Մարզում գյուղատնտեսության ապագան ապահովագրական համակարգի ներդրումն է և նորարարական մոտեցումները: Խոշոր գյուղատնտեսների օրինակը, կարծում եմ, վարակիչ կարող է լինել նաև մյուսների համար:
Նմանատիպ այցերի միջոցով հանրությանը հնարավոր է լինում ներկայացնել, որ գյուղատնտեսությունը լուրջ եկամտաբեր բիզնես կարող է դառնալ, եթե նվիրվածություն, աշխատասիրություն և պրոֆեսիոնալ մոտեցում լինի:
Կարևոր է նաև, որ զբաղվածության խնդիր է լուծվում ու հիմա էլ աշխատուժի պահանջարկ կա,-իր խոսքում նշում է Գայանե Մարկոսյանը:
Այցելության պահին տարածքում տեղադրվեց և փորձարկվեց 25-րդ հակակարկտային կայանը:
Ինչպես նշում է Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը, հաջորդ տարի նախատեսում են տեղադրել ևս 6-7 կայան և, այդպիսով, ամբողջական պաշտպանիչ ցանց ստեղծել՝ լիարժեքորեն ապահովագրելով մշակովի հողատարածքները կարկտահարությունից:
Համայնքը նաև ունի անհրաժեշտ գյուղտեխնիկա՝ բոլոր տիպի գյուղատնտեսական աշխատանքները լիարժեքորեն իրականացնելու համար: Որպես խոշորացված համայնք՝ Լոռի Բերդը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի աջակցությամբ ձեռք է բերել 2 կոմբայն, սուբվենիցոն ծրագրերով՝ «Բելառուս» մակնիշի 4 տրակտոր, գյուղգործիքներ և այլն: Այս ամենի շնորհիվ համայնքի մշակովի հողատարածքների ծավալները մոտ 2 տարվա ընթացքում 900 հա-ից դարձել են 1400-1500 հա: Հաջորդ տարի այդ ցուցանիշը, համայնքի ղեկավարի վստահեցմամբ, կհասնի 2000-ի:
Արևածագ համայնքում ևս գոհ են բերքահավաքի արդյունքներից: Օձուն խոշորացված համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանի վստահեցմամբ, մշակովի հողատարածքները տարեցտարի ավելանում են՝ շնորհիվ թե՛ գյուղատնտեսական պետական աջակցության ծրագրերի, թե՛ ենթակառուցվածքների բարելավման: Նպաստավոր հանգամանք է եղել նաև այն, որ արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիներն այս տարի մնացել ու մշակել են իրենց հողամասերը, առատ բերք ստացել: Բնակիչներից շատերն անգամ տնամերձ հողամասերից են առատ բերք ստանում, ցանում տեղանքին ոչ բնորոշ մշակաբույսեր:
Օրինակ, Արևածագի բնակիչ Մարջիկ Հովհաննիսյանը որդու հետ տնամերձ հողատարածքում առատ բերք է ստանում գրեթե բոլոր տեսակի մշակաբույսերից, անգամ ձմերուկ և սեխ: Նա վստահ է, որ Լոռու հողերն ամենաբերքառատն են, բերքը՝ ամենահամեղը, և կոչ է անում գյուղացիներին լինել աշխատասեր ու սիրել հողը:
Բերքահավաքի արդյունքները մարզում կամփոփվեն հոկտեմբերի սկզբին, մինչդեռ այսօր արդեն կարելի է վստահ լինել. տարին հիմնականում բերքառատ է:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53