Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պարգևատրվեցին ոլորտի վետերանները
04.09.2020
Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն Արտակարգ իրավիճակների աշխատակիցների օրվա առթիվ հյուրընկալել էր Լոռու մարզի փրկարարական ծառայության մի խումբ վետերանների: Նա իր և մարզի ղեկավարի անունից ջերմ բարեմաղթանքի խոսքեր հղեց վաստաշատ փրկարարներին՝ մաղթելով առողջություն և բարեկեցություն:
-Յուրաքանչյուր մարդ իր կյանքի այս կամ այն շրջափուլում առնչվում ձեզ և շատ կարևոր է, երբ կա վստահելի մի կառույց, անձինք, ովքեր պատրաստ են օգնության հասնելու ցանկացած պահի: Շնորհակալություն ձեզ:
Մաղթում եմ, որ փրկարարներին ուղղված բոլոր կանչերը միմիայն բարեհաջող ավարտ ունենան և հանդիպումների ժամանակ առիթ լինի հիշելու միայն զվարճալի դեպքեր,- ասաց Գայանե Մարկոսյանը:
Նա Լոռու մարզպետի շնորհակալագրեր և դրամական պարգևներ հանձնեց մարզային փրկարարական ծառայության պահեստազորի փոխգնդապետներ Համլետ Ասրյանին, Սաշիկ Ղազարյանին և Ավետիք Բաբայանին: Նրանք հետաքրքիր միջադեպեր հիշեցին իրենց աշխատանքային գործունեությունից, պատմեցին նաև զավեշտալի դեպքեր՝ նշելով, որ օգնության են շտապել անգամ ամենաանհեթեթ իրավիճակների դեպքում:
Լոռու մարզային փրկարարական ծառայության խորհրդի նախագահ, պահեստազորի գնդապետ Գառնիկ Գալստյանն իր խորին երախտագիտությունը հայտնեց մարզային իշխանություններին գնահատանքի համար՝ ընդգծելով, որ կենսաթոշակի անցած վետերանների համար մեծ պատիվ է, երբ իրենց հիշում և գնահատում են: