Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Շնորհավորագիր՝ Վահե Շահվերդյանին
25.08.2020
Օրերս լրացել էր ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի
Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի ծննդյան 75 ամյակը:
Այսօր Լոռու մարզպետը հյուրընկալեց Վահե Շահվերդյանին՝ շնորհավորագիր հանձնելու, ևս մեկ անգամ շեշտելու՝ նրա ունեցած մեծ ավանդը ոչ միայն Վանաձորի, այլև հայ թատրոնի զարգացման ու առաջընթացի գործում անգնահատելի է: Մարզպետը մասնավորապես նշեց.
-Թատրոնին նվիրելով Ձեր գիտակից կյանքի մեծ մասը՝ Դուք կարողացել եք վաստակել հանդիսատեսի սերն ու համակրանքը: Ստեղծագործություններին նոր շունչ ու հոգի տալով, հնին միահյուսելով նորը, ավանդականին՝ ժամանակակիցը՝ Դուք ձևավորել եք միանգամայն նոր մշակույթ և ուրույն դիմագիծ հայ թատրոնում: Ցանականում եմ նոր բեմեր և ստեղծագործական բազմաթիվ հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի ու մարզի մշակութային կյանքի առաջընթացի:
Մարզի ղեկավարի խոսքերից ու գնահատանքից Վահե Շահվերդյանը տպավորված է, ասում է՝ այն որ մշակույթի ներկայացուցիչներին ուշադրության կենտրում են պահում, ստիպում է արածի համար երբեք չափսոսալ ու ձեռնարկել ավելին:
Հանդիպմանը ներկա կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանը, կրթության վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը ևս շնորհավորանքի խոսքերից զատ՝ շեշտեցին՝ Վահե Շահվերդյանի երկար տարիների ջանքերի շնորհիվ հայ թատրոնը հասանելի է եղել նաև Հայաստանի սահմաններից դուրս՝ աշխարհի տարբեր երկրներում, իսկ լավագույն գնահատանքը, իհարկե, տվել ու շարունակում է տալ հանդիսատեսը: