Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետը ընդունեց «Լոռի» ֆուտբոլային ակումբի հիմնադիր-տնօրեն Թովմաս Գրիգորյանին և ակումբի ներկայացուցիչներին:
24.08.2020
Մարզպետարանը հնարավորինս կաջակցի «Լոռի» ֆուտբոլային ակումբին. բոլոր միջոցներն ու լծակները պատրաստ են գործադրել, որպեսզի հայկական ֆուտբոլի համբավը վերականգնվի և զարկ տրվի մարզաձևի զարգացմանը, իսկ Լոռվա ակումբի վարկանիշը է՛լ ավելի բարձրանա: «Լոռի» ՖԱ-ին մարզի ղեկավարը հայտնեց իր անվերապահ աջակցությունը:
-Կազմակերպչական հարցերին զուգահեռ՝ թիմի համար առաջնային է նաև հոգեբանական աջակցությունը. ամեն ինչ կանենք ձեր կողքին լինելու, ոգևորելու և դրական ձեռքբերումները կրկնապատկելու համար, ակումբի ցանկացած ձեռքբերում նշանակալի և ոգևորող է նաև մեզ համար, - նշեց մարզի ղեկավարը:
«Լոռի» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանն իր հերթին շեշտեց՝ մարզային ղեկավարության կողմից ուշադրությունը ոգևորող է, միևնույն ժամանակ՝ պարտավորեցնող՝ փորձությունները պատվով հաղթահարելու ու որակյալ խաղ ցուցադրելու առումով:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև հանրապետության ողջ տարածքում մարզադաշտերի կառուցման տեմպին, սպորտի զարգացման ուղղությամբ պետության որդեգրած քաղաքականությանը:
Մարզաձևի զարգացման լավագույն գրավականը համայնքներում կառուցվող բազմաթիվ մարզադաշտերն են, և երիտասարդների շրջանում մեծ ոգևորությունը, որն այսօր նկատելի է, ապացուցում է՝ ֆուտբոլը զարգանալու մեծ հեռանկարներ ունի: Լոռու մարզպետի ակնկալիքն է՝ եկող տարի մարզային առաջնություն կազմակերպել:
Մարզի ղեկավարն ասում է՝ խաղադաշտերի կառուցման այս տեմպը պահպանվի՝ նախաձեռնությունը հնարավոր կլինի հաջողությամբ իրագործել, մարզում ակտիվացնել սպորտային կյանքն ու հետաքրքրությունը ֆուտբոլի նկատմամբ:
Հանդիպման ավարտին «Լոռի» ՖԱ-ի հիմնադիր Թովմաս Գրիգորյանը Անդրեյ Ղուկասյանին խորհրդանշական նվեր հանձնեց՝ մարզաշապիկ՝ մարզպետի անունով: